Այսօր ավելի շատ իշխում է պոպուլիզմը ու մեծ մեծ խոստումները. Պատգամավորության թեկնածուն նկատում է
«Մենք խոստանում ենք կայուն , հաշվարկված ծրագրով պետությունը այս վիճակից հանել»,-Henaran.am-ի թղթակցի հետ նախընտրական ծրագրային խոհերով կիսվեց ՀՅԴանդամ, համամասնական, ինչպես նաև թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված ԱրթուրԵղիազարյանը:
Եղիազարյանը բարձր է գնահատում ընտրվելու իր շանսերը, քանի որ 2012 թվականին առաջադրվել է նույն ընտրատարածքում և ձայների մեծամասնությամբ եղել է երկրորդ տեղում:
«Անցած ընտրությունների ժամանակ եղել եմ երկրորդ տեղում, առանց ֆինանսական միջոցներ տրամադրելու, բացառապես ժողովրդի անկաշառ քվեի արդյունքում, այն դեպքում, երբ Մալաթիա-Սեբաստիայում իմ դիմաց ունեի ֆինանսատնտեսական անսահման հնարավորությամբ մրցակցային թիմ: Բայց ընտրությունը ցույց տվեց, որ հազարավոր ընտրողներ քվեարկում են անվախ, ազատ ու իրենց խղճի մտոք»,-նշում է նա:
Արթուր Եղիազարյանը հիմնական մրցակից չունի: Հարցին պատասխանեց ժպիտով. «Սա մեծամասնական ընտրություն չի: Նոր ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու պայմաններում մոտ 6 տասնյակ մրցակից ունեմ, որոնցից շատերին բնականաբար չեմ ճանաչում և չեմ կարող գնահատել նրանց շանսերը» ,-նկատեց Արթուր Եղիազարյան հավելելով, որ այս ընտրությունների մեթոդաբանությունը մի փոքր այլ է, որովհետև ռեյտինգային ընտրակարգի պայմաններում, նույն ընտրատարածքից տարբեր քաղաքական ուժերից կարող է թեկնածու ընտրվել՝ կախված իրենց կուսակցության հավաքած ձայներից:
«Այստեղ անհատական մրցակցություն չկա: Այս ռեյտինգային կարգին ես միշտ դեմ եմ եղել: Այս կարգը միանշանակ քաղաքական շեմը ընտրատարածքներում իջեցրել է, այսինքն քաղաքական բանավեճ չկա ընտրատարածքում՝ այլ մրցակից ուժերի հետ: Այլ հարց է, որ մամուլով , եթերով կուսակցությունները ներկայանում են , բայց այս պարագայում առաջնորդվում են թեկնածուների տեսակով, կամ ընկեր, բարեկամ կապով, միանշանակ գործում է նաև վարչաֆինանսական ռեսուրսը: Բայց ես փորձելու եմ իմ քարոզչության շրջանակում բարձրացնել այս ընտրության քաղաքական վարկանիշը: Ընտրողին օգնելու եմ, որ ընտրություն անի ապագա կերտելու համար»,-ընդգծում է Արթուր Եղիազարյանը:
Հարցին, թե ընտրվելու դեպքում ո՞ր ամենակաևոր խնդիրների իրագործմանն է հետամուտ լինելու խորհրդարանում, Եղիազարյանը պատասխանեց.
«Հայաստանում այնպիսի իրավիճակ է հասունացել, որ չի կարելի խնդիրները հերթականությամբ դնել: Կա խննդիրների առաջնահերթություններ, որոնք պետք է , բոլորը միաժամանկ լուծում ստանան, քանի որ փոխկապակցված են:
Հիմնական երեք առաջնահերություն կա , որ դնում է դաշնակցությունը. դրանք են՝ պետության ներքին և արտաքին անվտանգությունը, տնտեսության և հասարակության զարգացման ոլորտների առաջընթացը և կայուն զարգացումը, սոցիալական և իրավական արդարության հաստատումը Հայաստանում»:
Անդրադառնալով մյուս դաշինքների և կուսակցությունների ծրագրային դրույթներին պատգամավորության թեկնածուն նկատեց. «Մյուս կուսակցությունների ծրագրերում կան իրատեսական և անիրատեսական դրույթներ, ցավոք սրտի, այսօր ավելի շատ իշխում է պոպուլիզմը ու մեծ մեծ խոստումները, որոնք իրատեսական չեն կարող լինել: Ես որպես դաշնակցական ասում եմ, որ մի բան , որը խոստանում ես՝ պետք է կարողանաս անել, այն ինչը չես անելու՝ մի խոստացիր: Չպետք է սեղմել ժողովրդի ցավոտ տեղերը և դրա վրա փորձել էժանագին դիվիդենտներ հավաքել: Ես հարգում եմ իմ երկրի քաղաքացուն, հետևաբար կասեմ այն, ինչը իրատեսական է, և երբ ընտրվեմ՝ կգործեմ այն բանի համար, որն արժանապատիվ կյանք կապահովի յուրաքանչյուրի համար, այն հզորացող Հայաստանի համար, որտեղից մեր զավակները չեն մտածի արտագաղթելու մասին »,-եզրափակեց Արթուր Եղիազարյանը:
Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը: