Ուղղակի նրան թույլատրեցին տանը մահանալ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով` այլևս վստահություն էլ չկա, թե որն է արդարադատությունը: «Մեր ընդհանուր հանրային գիտելիքի մասը դարձավ այն, որ խափանման միջոց, անազատություն, նման բաները հայտնի մականունավորների որդիներին չեն սպառնում: Ինչ վերաբերում է հենց Հաց բերողին` Արթուր Սարգսյանին, ապա նախևառաջ նկատենք, որ նա հասարակության համար վտանգ չներկայացնող գործողություն էր արել, նաև արդարադատությունից չխուսափելով կասկածի առիթ չտալով` թվում էր, թե սա այն դեպքն է, երբ իշխանությունը կարող էր վստահել մարդուն: Դա տեղի չունեցավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետը:
Նա հիշեցրեց, որ հացադուլի արդեն 2-րդ շաբաթում փաստաբաններն ասում էին, որ Արթուր Սարգսյանի վիճակը շատ վատ էր, և կարծես թե, մենք ականատես էինք լինում հոգեվարքի, իսկ երբ նրան բաց թողեցին, ուղղակի նման կերպ թույլատրեցին նրան տանը մահանալ: «Ես վստահ եմ, որ Արթուր Սարգսյանի հարցում գործ ունենք մի երևույթի հետ, որ հանգիստ կարող ենք ասել, որ արդարադատությունը բարոյականության հետ կապ չուներ»: