«Այդ հայտնի դեմքերից հոգնել են»
«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը խորհրդարանական ընտրություններից առաջ արված սոցհարցումներին առանձնապես ուշադրություն չի դարձնում: «ВЦИОМ» ընկերության հարցումների համաձայն՝ «Ելք» դաշինքին վստահում է ընդամենը 3 տոկոս:
«Այնտեղ 30 տոկոս չպատասխանած խումբ կա, իսկ դա միշտ որպես կանոն լինում է ընդդիմության ձայնը: Այսօր ռեալ ընդդիմադիր ուժ է «Ելք»-ը, որովհետև մյուս բոլոր ուժերն այս կամ այն չափով եղել են իշխանություն»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վիկտոր Ենգիբարյանը նաև «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուներից է՝ առաջադրված Արաբկիր-Աջափնյակ ընտրատարածքում: Դիտարկմանը, որ ի տարբերություն այլ ուժերի` «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուները հանրությանն այնքան էլ հայտնի չեն, Ենգիբարյանն արձագանքեց.
«Մենք ընտրել ենք արշավի շատ հետաքրքիր տարբերակ՝ բակից բակ, տնից տուն, հանդիպում ենք, խոսում մարդկանց հետ: Հայտնի լինելը մի բան է, սակայն կարևոր է, թե ինչ ձև ես հայտնի: Մենք երիտասարդական սերնդափոխության ուժ ենք ու տեղերում հայտնի մարդկանց խնդիր ունենք, սակայն մարդիկ նաև այդ հայտնի դեմքերից հոգնել են»:
Ըստ նրա՝ իր ընտրատարածքում քաղաքական մրցակցություն չկա, կա մրցակցություն քաղաքական ուժերի և փողի միջև: «Մրցակցությունը թե՛ ՀՀԿ-ի ներսում, թե՛ մյուս ուժերի հետ իրենք պատկերացնում են փողի միջոցով, նրանց ունեցածն ու առաջարկը փողն է»:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե այն, որ Վանաձորում պոկեցին «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառները, հենց «Ելք»-ի գործողություններն են՝ նպատակ ունենալով ուշադրություն գրավել՝ արհեստական լարվածություն ստեղծելով, ապա Վ. Ենգիբարյանը շեշտեց.
«Բացառվում է, իմ անձնական պաստառներն էլ են պոկել, ճիշտ է` ես չեմ բարձրաձայնել, բայց նաև ասեմ, որ փակցնելուց այլ բան չէի էլ սպասում: Այս խնդիրը կա Հայաստանում, որ մեկը փակցնում է, իսկ մյուսը գնում, պոկում ու իրենցն է փակցնում: Բայց ես չէի ասի, որ սա հենց «Ելք»-ի նկատմամբ դրսևորում է, սա ընդհանուր կուլտուրայի խնդիր է, որ իրենց աշխատողներին չեն բացատրում, որ չի կարելի նման մեթոդներով շարժվել»: