Կ. Պոլսի պատրիարքարանում կրքերը թեժանում են
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի պատրաստվում հրաժարական տալ իր պաշտոնից:
Մարտի 15-ին անցկացվել են պատրիարքի տեղապահի ընտրություններ, որում հաղթել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ըստ փետրվարի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռք բերված պայմանավորվածության` տեղապահի ընտրություններից հետո փոխանորդը պետք է հրաժարական տար:
Աթեշյանի՝ հրաժարական չներկայացնելու համար առիթ է դարձել Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը: Տեղապահի ընտրություններից անմիձապես հետո Աթեշյանը ներկաներին է հանձնել Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի գրություն, որտեղ նշվում է, որ պատրիարքի ընտրություններ անցկացնելը իրավականորեն հնարավոր չէ:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ակօս» շաբաթաթերթը զրուցել է Աթեշյանի հետ: Նա հայտնել է, որ նահանգապետարանի միջամտության վերաբերյալ պատրիարքարանը հայտարարություն չի անի: Տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Բեքչյանի և կրոնական խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալանի դիտարկամանը, թե Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում խնդիրը կհանգուցալուծվի, Աթեշյանը պատասխանել է. «Հրաժարական տալու մտադրություն չունեմ»:
Արքեպիսկոպոսը հայտնել է, որ հրաժարական է տալիս «Հովակիմ 1461» հիմնադրամի նախագահի պաշտոնից՝ նշելով. «Այս հիմնադրամը ես ստեղծել էի հոգևորականներին օգնելու համար: Սակայն չափից շատ բամբասանքներ կան: Այդ պատճառով էլ հրաժարական եմ տալիս»: