Հանրապետականը` Հաց բերողից (տեսանյութ)
«Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ մեր ցավակցությունն եմ հայտնում բոլորի անունից, ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»,-այսօր «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդարադառնալով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվանը:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա նա հավելեց. «Ինչքան որ ես տիրապետում եմ ինֆորմացիայի, իսկ այդ ինֆորմացիան, կարծում եմ, ինձ մոտ օբյեկտիվ է, նրա հիվանդության ժամանակ, հացադուլի ժամանակահատվածում բուժող բժիշկներն առաջարկել են, որ նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, և Արթուր Սարգսյանն է մերժել, և դա արձանագրված է: Ես ծանոթ եմ Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը, կասկած կա բժիշկների գնահատականների վերաբերյալ: Ես բժիշկ չեմ, չգիտեմ, բայց եթե փաստաբանները, հարազատները գտնում են, որ պետք է անցկացվի փորձաքննություն, ապա պիտի դա արվի, իսկ եթե կան մեղավորներ, վստահորեն ասում եմ՝ եթե մեկը օրենք է խախտել, կպատժվի»:
ԱԺ փոխնախագահը նաև ընդգծեց, որ նախընտրական այս փուլում կան շատ մարդիկ, ովքեր անկեղծորեն չեն ցավում, սա հարազատներին չի վերաբերում, քաղաքացիներին չի վերաբերում, վերաբերում է նրանց, ովքեր այս դժբախտությունը ցանկանում են վերածել նախընտրական կրքերի: «Սա մարդկային ողբերգություն է, և մարդկային ողբերգության վրա փորձել դիվիդենտներ շահել, ես ճիշտ չեմ համարում»,-հայտարարեց Է. Շարմազանովը:
Վերջինս հիշեցրեց, որ Գլխավոր դատախազությունն էլ հանդես է եկել հանձնարարությամբ պարզել մահվան բոլոր հանգամանքները: «Մեր երկրում, եթե որևէ մեկը խախտել է օրենքը, պետք է պատժվի, և քաղաքական առումով նորմալ չեմ համարում որևէ քաղաքացու ողբերգությունը փորձել քաղաքականացնել»,-եզրափակեց նա: