Վ. Պուտինը սատարո՞ւմ է (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը , որտեղ քննարկվել են թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական, կուսակցության գործունեության, նախընտրական փուլի վերաբերյալ հարցեր: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր ՌԴ կատարած այցի մանրամասները: «Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով, և կա մեծ ներուժ շարունակելու այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,-այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ տարածաշրջանային զարգացումների հետ կապված կա փոխըմբռնում, և որ 2 երկրների նախագահները Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ անթույլատրելի է համարվում ռազմական եղանակով խնդրի լուծումն, ու շեշտվում էր ՌԴ և ՀՀ նախագահների կողմից Վիեննայի ու Սանկտ- Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը:
Արձագանքելով համացանցում եղած քննարկումներին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս ընտրություններում սատարում է Սերժ Սարգսյանին՝ նա ասաց, որ դա համացանցի կարծիքն է: «Ես մի բան կարող եմ ասել՝ ցանկացած պետություն, այն էլ դաշնակցային պետություն, շահագրգռված է իր դաշնակցի հետ հարաբերությունների զարգացման շարունակականությամբ, գոնե վերջին 10 տարիներին հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացել են՝ ի շահ 2 պետությունների, և այս զարգացման խնդիրներում բոլոր ոլորտներում մենք հիմք ենք ունեցել ՀՀ պետական շահը: Միգուցե եղել են որոշ ազդակներ, թերություներ, բայց եթե ամբողջացնենք այս 10 տարվա զարգացման ուղիները, մենք պետք է ասենք, որ թե տնտեսական, թե ռազմական, թե այլ ոլորտներում ունենք լուրջ առաջընթաց, ու այդ առաջընթացն ու համատեղ աշխատանքը մեր ռուս գործընկերների հետ կշարունակվի նաև ապագայում»: