Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ ասուլիս են անցկացրել /տեսանյութ/
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016թ. առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:
«Այս տարվա հունվարին արձանագրվել է նշանակալի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դա վկայում է լուրջ ներուժի մասին, որը պետք է օգտագործել նաև ԵԱՏՄ-ի շրջանակում՝ ի շահ մեր ձեռնարկատերերի և քաղաքացիների: Հայաստանը շահագրգիռ է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման, դրա բոլոր կառույցների լիակատար գործարկման հարցում՝ կազմակերպության միջազգային հեղինակության բարձրացմամբ»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթղակիցը, ասաց Նախագահ Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի տնտեսության իրական սեկտորում գերազանցում են 4,5 միլիարդ դոլարը: Ռուսական բիզնեսը ներկայացված է Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում՝ 1400 ընկերությունների տեսքով, իսկ եթե հաշվարկվեն նաև անհատ ձեռնարկատերերը, ապա նրանց թիվը կանցնի 2 հազարից:
«Ատոմային էներգետիկա, գիտություն, առաջատար տեխնոլոգիաներ. համագործակցության այն բնագավառներն են, որ հարստացնում են գործակցության ավանդական ուղղությունները: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ ուշադրություն սևեռել տրանսպորտային-լոգիստիկ որոշ ծրագրերի զարգացմանը. հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները և աշխարհագրությունը, ԵԱՏՄ անդամակցությունը՝ տեսնում ենք մեծ ներուժ՝ Հայաստանի միջոցով դեպի Իրան և Պարսից ծոց տարանցման համար»,-ասաց ՀՀ Նախագահը: