Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հոգեմետ դեղորայք ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր աշխատասենյակում պահել «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղամիջոց:
ՀՔԾ-ից հայտնում են, որ այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել եւ հիմնավորվել է, որ ոստիկանության օպերլիազորը, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, Ազատան գյուղի բնակիչ Ա. Ամբարդարյանից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր աշխատասենյակում առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել խոշոր չափի «տրամադոլ» տեսակի հոգեմետ ակտիվ բաղադրատարր պարունակող 8 սրվակ դեղամիջոց, որոնք հայտնաբերվել եւ առգրավվել են 23.12.2016թ.-ին` օպերլիազորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում:
Այսպիսով, խոշոր չափերի հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար ոստիկանության օպերլիազոր Արման Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: