«Պարո´ն վարչապետ, հայ աղջիկների և կանանց 80 տոկոսը համակրում է Ձեզ, ո՞նց է լինելու»
«Մեր երիտասարդ սերունդը պետք է լինի ժամանակակից, սակայն դա չի նշանակում, որ նա պիտի կորցնի իր հայությունը»,-այսօր Նոր Նորքում ընտրական հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նշենք, որ հանդիպումն ընթանում է հարցուպատասխանի միջոցով:
Քաղաքացիներից մեկն էլ նախ ասաց, որ և հարց ունի, և խնդրանք: Խնդրանքն էր, որ նորից բարձրանա մանկավարժի դերը հայ ազգի մեջ: Վարչապետը նշեց, որ սա չափազանց կարևոր հարց է: «Ցանկացած տրամաբանական մարդ եթե ցույց տա իր հանգանքն ուսուցչի հանդեպ, ինքը միայն դրանից կշահի»: Նա ընդգծեց, որ հայ ազգը պետք է խելոք լինի, իսկ խելոք լինելու համար պետք է կրթվել, կրթվելու համար էլ լավ ուսուցիչ պետք է ունենալ, ում դարդն ու ցավն էլ պիտի քիչ լինի, որ կարողանա լավ կրթություն փոխանցել: Վարչապետն ասաց, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու, ինչպես նաև կրթության ոլորտում եղած խնդիրները բարձաձայնելու անհրաժեշտությունն իրենք էլ են զգում, սակայն դա չեն անում, որովհետև հնարավորություն չկա: Միաժամանակ հավելեց, որ տնտեսության զարգացման դեպքում այս խնդիրներն էլ կլուծվեն: Իսկ ՀՀԿ-ն, Կ. Կարապետյանի խոսքով, գիտի ինչպես փոխվել:
Իսկ քաղաքացու հարցն էլ այսպիսին էր. «Պարո´ն վարչապետ, հայ աղջիկների և կանանց 80 տոկոսը համակրում է Ձեզ: Ո՞նց է լինելու այս հարցը»:
«Վերջը լավ է լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,-եղավ Կ. Կարապետյանի արձագանքը: