ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշել է վերսկսել մոնիտորինգի գործընթացը Թուրքիայում
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 8-ի նիստի ժամանակ քննարկվեց Թուրքիայում կատարվող իրադարձությունների մասին զեկույցը: Քննարկման ընթացքի մասին մանրամասներ է հաղորդել ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
-Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցի համազեկուցողներ՝ նորվեգացի Ինգեբորգ Գոդսեկենը և էստոնացի Մարիաննե Միկոն պատրաստել էին զեկույցի նախագիծ մի թեմայի շուրջ, որը արդեն համարյա մեկ տարի՝ Թուրքիայում տեղի ունեցած այդպես կոչված ՛՛պետական հեղաշրջման փորձի՛՛ ժամանակից մինչ օրս, ԵԽԽՎ գլխավոր թեմաներից է՝ թոփ թեմա, որին մի քանի անգամ անդրադարձել է վեհաժողովը: Այդ քննարկումներից մեկի արդյունքներով որոշում ընդունվեց զեկույց նախաձեռնել, թեև թուրքական պատվիրակությունը և դիվանագիտությունը ձեռնարկեցին բոլոր հնարավոր և անհնար քայլերը գործընթացի վրա ազդելու և նոր զեկույց թույլ չտալու համար: Այնուամենայնիվ, որոշումը կայացվեց և քայլ առ քայլ աշխատանք էր կատարվում՝ բազմաթիվ քննարկումներ քաղաքական խմբերում և հանձնաժողովներում, տարբեր ձևաչափերով, եղան քննարկումներ հրատապ քննարկման ձևաչափով: Հիմա մենք ունենք կատարված փաստ՝ համազեկուցողների համարձակ և հետևողական աշխատանքի արդյունքում և Վեհաժողովի առաջատար ուժերի աջակցության պայմաններում Մոնիտորինգի հանձնաժողովը քննարկեց և հաստատեց նախագիծը և ապրիլյան նստաշրջանի ընթացքում զեկույցը կքննարկվի լիագումար նիստում:
–Ի՞նչ են առաջարկում համազեկուցողները:
-Նրանք բազմակողմանի ուսումնասիրել են իրավիճակը, մի քանի անգամ այցելել երկիր և ներկայացրել են մի շարք ծանրակշիռ առաջարկներ, որոնք նույնպես անցել են շատ լուրջ թուրքամետ հակազդեցության պայմաններում: Համազեկուցողները շատ ուշադիր էին վերաբերվել այն քննարկումներին, որ եղել են Վեհաժողովում և կարծիքներին, որ հնչեցրել էին տարբեր երկրների պատվիրակները: Թերևս ամենակարևորը՝ սահմանված է պահանջ, որ երկրի ներսում ահաբեկչության դեմ պայքարը պիտի լինի բացառապես օրենքի գերակայության շրջանակներում և համապատասխանի մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին: Իրավիճակը պիտի լինի Սահմանադրության, երկրի ներքին և միջազգային պարտավորությունների սահմանններում: Այսօր իշխանությունների կիրառած միջոցները դուրս են անհրաժեշտի և համաչափի սահմաններից: Զեկույցը խստորեն դատապարտում է 12 խորհրդարանականների ձերբակալությունը և համարում, որ այդ քայլը էականորեն վատթարացնում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը: Նշված են մասշտաբային ՛՛զտումները՛՛ պետական և դատական ոլորտներում և դրանց սոցիալական հետևանքները, որ իսկապես հրեշավոր են՝ պաշտոնանկվածները զրկված են անձնագրերից, չեն կարող աշխատել պետական հիմնարկներում, զրկված են սոցիալական ապահովության հնարավորությունից, նրանց ակտիվները պետականացված են, հարցականի տակ է սեփականության իրավունքը, պատժամիջոցները տարածվում են ընտանիքների վրա՝ զեկուցողները այդ ամենը անվանում են ՛՛քաղաքացիական մահ՛՛ նրանց համար, ում վերաբերում են: Այդ ամենն արվում է քննադատական ձայները լռեցնելու, վախի և ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով քաղաքացիների, ԶԼՄ-ների և հ/կ-ների համար: Թուրքիան վերջին տարիներին անընդհատ հետընթաց է ունեցել մամուլի և խոսքի ազատության հարցում և առավել վատթարացել են այդ խնդիրները արտակարգ դրության պայմաններում: Զեկույցի մեջ օբյեկտիվ գնահատական է տրված Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման գործընթացին՝ ընդամենը վեց շաբաթ դեբատներ լարվածության պայմաններում, հրապարակայնության բացակայություն, հասարակության ներկայացուցիչների հետ ոչ մի քննարկում, բովանդակային հարցերի վերաբերյալ մեծ անհանգստություն, հանրաքվեի անցկացման աննպատակահարմարություն պարետային ժամի և անվտանգության ապահովման գործողությունների իրականացման պայմաններում:
–Զեկույցը որևէ գործնական առաջարկ ունի՞:
-ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը բավականին երկար և բովանդակային քննարկումների արդյունքում որոշում կայացրեց՝ համաձայնեց այն առաջարկի հետ, որը մեր պատվիրակության ներկայացուցիչները՝ ես և Արմեն Ռուստամյանը հնչեցրել ենք դեռևս անցյալ տարվա հունիսին լիագումար նիստերի ընթացքում տեղի ունեցած
բանավեճի ընթացքում: Այն ժամանակ մեր գործընկերները ականջալուր չեղան և հույսեր էին տածում, թե Թուրքիայի զարգացումները կվերադառնան ժողովրդավարական ընթացքին: Այս ողջ ընթացքում բազում հանդիպումների,
քննարկումների ընթացքում մենք հիմնավորել ենք այդ քայլի անհրաժեշտությունը և այսօր նաև զեկուցողները այդ առաջարկը ներառեցին իրենց զեկույցի մեջ, հասկանալով, որ Վեհաժողովը այս պարագաներում լրջորեն մտահոգվելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով՝ պարտադրված է վերաբացել մոնիտորինգի գործընթացը Թուրքիայի նկատմամբ: Մի շարք գերակա պահանջներ՝ հնարավորինս արագ վերացնել արտակարգ դրությունը, բանտերից ազատել բոլոր պատգամավորներին,
լրագրողներին, ստեղծել արտակարգ իրավիճակների հետաքննության հանձնաժողով, արդյունավետ դատական պաշտպանություն ապահովել աշխատանքից ազատվածների համար, ապահովել արդար դատավարություն, շտապ միջոցներ ձեռնարկել մամուլի և խոսքի ազատության վերականգնման ուղղությամբ, Սահմանադրության հանրաքվեն անցկացնել ԵԽ չափանիշներին համապատասխան: Թերևս կարելի է ասել, որ սա առավել խստապահանջ փաստաթուղթ է, որ ընդունվել է Թուրքիայի նկատմամբ: Նիստը անցավ շատ լարված, դժվար ու ծանր բանավեճի մեջ, որը հատկապես սրվեց մոնիտորինգի վերաբացման հարցի շուրջ, բայց ի պատիվ համազեկուցողների՝ որոշումն ընդունվեց:
-Կարո՞ղ ենք համարել, որ Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգի գործընթաց վերսկսելու առաջին քայլն արված է:
-Իհակե սա առաջին արարն է, որից հետո այս զեկույցը պիտի ընդունվի ԵԽԽՎ
լիագումար նիստում:
-Հաշվի առնելով Թուրքիայի ՛՛բարեկամների՛՛ մեծ թիվը, հավանական համարու՞մ եք, որ լիագումար նիստը կընդունի մոնիտորինգի վերսկսման առաջարկը:
-Հանձնաժողովի որոշումը շատ կարևոր է ԵԽԽՎ ում և մեծ մասամբ հիմք է ընդունվում, սակավ բացառություններ են եղել, երբ հնարավոր է եղել իրավիճակը փոխել: Այդպիսի օրինակ էր նաև Ուոլտերի զեկույցը, բայց դա հաճախ չի պատահում: Իհարկե, Թուրքիան կկենտրոնացնի իր ողջ ուժերը, կհավաքի սատելիտներին, կհիշեցնի վճարած գումարները, գործի կդնի ողջ զինանոցը: Այսինքն՝ պիտի շարունակենք աշխատել: Սա շատ կարևոր խնդիր է՝ ԵԽԽՎ-ն պետք է կարողանա պաշտպանել իր հիմնարար արժեքները և տեր լինել մարդու իրավունքների ու խոսքի ազատության պաշտպանությանը ԵԽԽՎ անդամ երկրներում: