Ոստիկաններն ու քննիչները մեղադրվել են հանցագործություններ կատարելու մեջ
Գիտակցաբար սուտ մատնություններ կատարելու եւ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված երկու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության եւ բնակարան հրկիզելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Մաշտոցի քննչական բաժնի քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդմամբ հայտնել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական փորձարարության մասին քննիչի կազմած արձանագրությունը թեպետ ստորագրված է եղել ընթերակաների կողմից, սակայն վերջիններս այդ գործընթացին ներկա չեն եղել: Նախաքննության ընթացքում, սակայն, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կալանավորի հայտնած տեղեկությունները կեղծ են, եւ իրականում քննչական գործողությունն իրականացվել է ընթերակաների ներկայությամբ:
Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Մյուս քրեական գործով էլ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Դանիել Զ.-ն, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով ստիպել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ Եղեգնաձոր քաղաքում իր հարեւանների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության եւ սպանության դեպքի վերաբերյալ: Դ. Զաքարյանը հայտնել է նաեւ, որ ոստիկանությունից իրեն տարել են Եղեգնաձորի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչն առանց իրեն հարցեր տալու արձանագրել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Սակայն նախաքննության ընթացքում Դ. Զաքարյանի հայտնած տեղեկությունները հերքվել են. պարզվել է, որ իրականում ոստիկանները Դ. Զաքարյանին չեն խոշտանգել, եւ վերջինս Հատուկ քննչական ծառայությունում տված հաղորդմամբ պարզապես ցանկացել է իր հարեւանների մոտ համոզմունք ստեղծել, որ իրականությանը համապատասխանող հիշյալ ցուցմունքը տվել է պաշտոնատար անձանց կողմից իրեն հարկադրելու արդյունքում:
Հետաքննության մարմնի աշխատակիցներին եւ քննիչին առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար Դ. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: