Պուտինի անակնկալը. Հայկական Ժամանակ
Մտավախությունը, թե մինչեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններ ղարաբաղյան ճակատում կարող էին լայնածավալ ռազմական գործողություններ տեղի ունենալ, այլեւս ժամանակավրեպ է: Դժվար է ասել ինչ տեղի ունեցավ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչպիսի նոր պայմանավորվածություն ձեռքբերվեց, բայց ակնհայտ է, որ թայմ աութ է հայտարարվել:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ռազմական եւ դիվանագիտական դաշտում իրավիճակը ծայրահեղ լարվել էր, տպավորություն կար նույնիսկ, որ ապրիլի 2-ի ընտրությունները հայտնվել են ուղիղ վտանգի առաջ, եւ իրադարձությունների որոշակի զրագացման դեպքում կարող են անգամ չեղյալ հայտարարվել:
Երկու ուղղություններով էլ սակայն եղան կուլմինացիոն պահեր, որոնք լիցքաթափող ազդեցություն ունեցան: Շփման գծում լարվածության կուլմինացիան փետրվարի 25-ի իրադարձություններն էին: Ըստ պաշտոնական տեղեկատվությունների փետրվարի լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակման փորձ էր նախաձեռնել շփման գծի երկու ուղղություններով, որոնք հաջողությամբ պսակվելու դեպքում կվերածվեին ապրիլյան քառօրյային համարժեք պատերազմական գործողությունների: Հայկական կողմը, սակայն, կասեցրեց ադրբեջանական ուժերի առաջընթացը, իսկ չեզոք գոտում Ադրբեջանը վեց դի թողեց: Հրապարակվեցին նաեւ տեսագրություններ: Հաջորդող երկու օրերի ընթացքում կրկին պաշտոնական տեղեկատվություն էր գալիս առանձին առճակատումների մասին, հայկական կողմը նույնպես զոհերի մասին հաղորդեց: Սակայն ամբողջական պատկեր, այդպես էլ չունեցանք:
Դատելով միջազգային արձագանքի աշխարհագրությունից եւ ծավալից, կարող ենք ենթադրել, որ հանրությանը մատուցվեց շփման գծում կատարվածի միայն շատ չնչին տոկոսը: Միջադեպին անդրադարձան Իրանի ԱԳՆ-ն, Թուրքիայի վարչապետը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունները, Եվրոպական կկառույցների ղեկավարները, առանձին եվրոպական երկրների դեսպաններ: Հայաստանի ՊՆ հրավիրվեցին ՀՀ-ում հավատարմագրված պետությունների ռազմական կցորդներ: Կատարվածի մասին պաշտոնական տեղկատվությունն ու այս ներկայացուցչական աժիոտաժը, այնքան էլ համարժեք չէին: Ամեն դեպքում հինգ օր տեւած «հետցնցումներից» հետո իրավիճակը հանդարտվեց, եւ մարտի 3-ից շփման գծում արձանագրվող հրադադարի խախտումները հայտնվեցին նորմայի սահմաններում:
Դիվանագիտական հարթակում կուլմինացիան Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունն էր, որ նոր ռազմական էսկալացիայի դեպքում Հայաստանը չի հապաղի կիրառել «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները: Թե ինչ մեծ հակազդեցության արժանացան այդ հայտարարությունները, արդեն գրել ենք: Եւ այնուամենայնիվ, դրանք ըստ երեւույթին համոզիչ թվացին Հայաստանի ռազամավարական դաշնակցին, որն այս փուլում անթաքույց հովանավորում է Ադրբեջանին:
Հետագա օրերին Ռուսաստանից պատվիրակների տարբեր խմբեր այցելեցին Երեւան, իսկ Կրեմլի պաշտոնական քարոզչությունը պաշտպանվողի եւ արդարացողի դերում հայտնվեց: Հանգուցալուծումը տեղի ունեցավ մարտի 6-ին: Այդ օրը Մոսկվայում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումն իր ռուս բարեկամի`Սերգեյ Լավրովի հետ: Միեւնույն ժամանակ Երեւանում Սերժ Սարգսյանն ընդունեց ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշեւին:
Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մամեդյարովը դեռ տաք տաք ինչ-որ բաներ ասում էր, օրինակ, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն բանակցությունների առարկա հարցերի կարգավորմանը զուգահեռ, Ադրբեջանի տարածքները պետք է վերադարձվեն եւ այլն: Բայց արդեն Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում ունեցած իր ելույթում նա հայտարարեց, որ Հայաստանի հետ բանակցություններն այս պահին կասեցված են: «Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Մենք առաջարկել ենք բանակցությունները շարունակել այդ ամսաթվից հետո»,-ասաց նա:
Մամեդյարովի հայտարարությունը իրականում բանակցություններին չի վերաբերվում: Հայաստանի հետ բանակցությունները կասեցվել են հուլիսին Երեւանում ՊՊԾ գնդի գրավումից հետո: Խոսքը Հայաստանին բանակցությունների վերադարձնելու ջանքերը կասեցնելու մասին է, իսկ այդ ջանքերը բազմակողմանի էին` դիվերսիոն հարձակումներից մինչեւ նոր լայնածավալ ռազմական գործողությունների նախապատրաստություն, դիվանագիտական, քարոզչական հնարքներ, եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի միջոցով ամենատարբեր ճնշումներ:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումին, շատ մանրամասներ հայտնի չեն, բացի այն որ «հանդիպմանը քննարկվել են աշխարհում արագ փոփոխվող իրավիճակն ու ժամանակակից մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկայիս վիճակը»:
Ակնհայտ է սակայն, որ տեղի է ունեցել զուգահեռ խոսակցություն, ճշտվել են թայմ աութի պայմաններն ու ժամկետները, համաձայնություն է ձեռքբերվել, ինչն էլ հիմք է տվել Մամեդյարովին խոսել գործընթացների կասեցման մասին, իսկ Սերժ Սարգսյանին` «FrancePress»-ին տված հարցազրույցում հայտարարել, թե ինքը չի կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ վերսկսվել:
Սպասվում էր, որ իրավիճակի հանգուցալուծումները պետք է քննարկվեն Սարգսյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ: Այն որ, որոշ հարցեր կարգավորվեցին մինչեւ այդ հանդիպումը, անակնկալ էր: ՌԴ նախագահն, ըստ ամենայնի, չցանկացավ մանր մունր դիվերսիաների եւ ձախողված հարձակումների մասին խոսել:
Հիմա արդեն դրա կարիքը չի լինի, եւ նրանք միանգամից կանցնեն բուն թեմաներին, որոնց շուրջ փոխըմբռնման աստիճանից էլ կախված կլինի, թե մարտի 6-ին հայտարարված թայմ աութը որքան կտեւի:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: