Հայաստանում կիրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ․ վարչապետի հարցազրույցը Reuters-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազույց է տվել Reuters գործակալությանը, որի ընթացքում ասել է, որ Հայաստանը պատրաստ է իրագործել ժողովրդականություն չվայելող քայլեր, որոնց թվում է՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում՝ մինչև 2018 թվականը հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադարձնելու համար:
Գործակալությունը նշում է, որ երկիրը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից և վերջին երկու տարիներին իր վրա է զգացել այդ երկրի տնտեսական անկման հետևանքները: 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճը 2015 թվականին գրանցված 3 տոկոսից նվազել է մինչև 0,2 տոկոս:
Այդ ցուցանիշն ավելի քիչ է եղել, քան կառավարության 2,2 տոկոսի թիրախը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ այդ թիրախային ցուցանիշը կգերազանցվի ոչ ուշ, քան այս տարի:
«Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ կարծում է՝ հնարավոր կլինի դիմակայել և հասնել այս տարվա համար 3,2 տոկոսի տնտեսական աճի:
Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի և «բոլոր խոչընդոտները վերացնելու վրա, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը»: