Դժգոհ է
«Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ»,-այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը»,- ընդգծեց վարչապետը` հավելելով, որ ոչ միայն բավարար չէ մատուցվող ծառայությունների որակը, այլև ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը:
Վարչապետի խոսքերով՝ այս ոլորտում առկա խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինի նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները և դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ: Այս նպատակով վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում, կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ, համայնքների, համայնքների շահերը ներկայացնող տարբեր ՀԿ-ների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ, անհրաժեշտության դեպքում լրամշակել նյութերը և տրամադրել համայնքներին, միաժամանակ մարզպետների միջոցով խստորեն վերահսկել դրանց գործնականում իրացումը: