Կարեն Կարապետյանին ընդունել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը
Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ԵՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:
Կառավարությունից հայտնում են, որ Ղրղզստանի նախագահը, ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակներին Բիշքեկում, նշել է, որ այն արդյունավետ հարթակ է ԵՏՄ անդամ երկրների միջեւ երկխոսության զարգացման, ինտեգրացիայի խորացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: Ալմազբեկ Աթամբաեւը վստահեցրել է, որ ԵՏՄ մարմիններում 2017 թ. նախագահության շրջանակում Ղրղզստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ նշված ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարական պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահին ջերմ ընդունելության եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ այս նիստով մեկնարկում են ԵՏՄ-ում Ղրղզստանի նախագահության շրջանում նախատեսված միջոցառումները, որոնք կխթանեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացումը:
Հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ օրակարգում գտնվող մի շարք հարցեր: