Հանդիպում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 6-ին ընդունել է ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների, միջազգային հումանիտար համագործակցության հարցերով զբաղվող «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովային եւ նրան ուղեկցող անձանց:
Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ավանդական կապերը, այս համատեքստում անդրադարձել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, կարեւորել «Ռոսսոտրուդնիչեստո»-ի հետ համագործակցությունն ու դրա խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, կրթական, տեղեկատվական ոլորտներում հայ-ռուսական հետագա համագործակցության ձեւերին եւ հնարավորություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ ենթաօրենսդրական դաշտում եւ կոնկրետ ծրագրերի ու գործողությունների իրագործման ճանապարհով հայ-ռուսական հարաբերությունների խորացման խնդիրներին: Խոսվել է նաեւ երիտասարդության, հասարակության տարբեր խավերը եւ ոլորտները ներկայացնող անձանց համար իրականացվող ծրագրերի բազմազանությունը եւ բովանդակությունը ապահովելու քայլերի մասին: