Շարմազանովը չմեկնաբանեց Սեյրան Օհանյանի «մտքի թռիքչը» /տեսանյութ/
Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթներից մեկում նշել էր՝ դիզվառելիքի վատ որակի պատճառով ապրիլյան պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կիրառման հետ կապված՝ բազմաթիվ խնդիրներ են առաջացել:
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշել է՝ դա արդեն հայտարարություն է հանցագործության մասին:
Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Մարուքյանն ունի իր կրծիքը, որի հետ, բնականաբար, մենք համաձայն չենք: Բայց, մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արդեն մեկնաբանել է ելույթի այդ հատվածը: Ես ավելացնելու բան չունեմ. մենք կիսում ենք Վիգեն Սարգսյանի կարծիքը, ուստի խնդրում եմ Վ. Սարգսյանի կարծիքը ընդունել որպես մեր կարծիք»:
Ինչպես հայտնի է, վերոնշյալ թեմայի վերաբերյալ իր տեսակետն էր հայտնել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ կոչ անելով հետաքննություն իրականացնել ու գտնել մեղավորներին:
Լրագրողները ՀՀԿ խոսնակին խնդրեցին մեկնաբանել Օհանյանի կարծիքը, իսկ Շարմազանովը նշեց. «Պաշտպանության նախկին ու ապագա նախարարները կարող են բազում հարցազրույցներ տալ ու տեսակետներ արտահակտել: Բարեբախտաբար, ապրում ենք ժողովրդավարական երկրում, և ամեն ոք կարող է իր կարծիքն արտահայտել, բայց ես չեմ պատրաստվում ցանկացած պաշտոնյայի՝ այդ թվում պաշտոնաթող պաշտոնյայի ցանկացած մտքի թռիչք կամ կարծիք մեկնաբանել»:
https://youtu.be/Au733sQIbic