29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում /ֆոտո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա:

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է հասել Եվրասիական տնտեսական միությանը միանալով, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով օրենսդրական դաշտում համագործակցությանը` ՀՀ ԱԺ նախագահն այս շրջանակում բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի եւ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ արդյունավետ աշխատանքը:

Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է փոխգործակցությունը խորհրդարանական վեհաժողովների շրջանակում` ընդգծելով, որ փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում բխում է մեր երկրների դաշնակցային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Հայաստանը մշտապես հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին, սակայն բախվել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճին:

«Չնայած Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք եւ շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Հայկական կողմը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` խորհրդարանի ղեկավարը երախտագիտությամբ է ընդգծել այն փաստը, որ դեռեւս 1995 թվականին է Պետական դուման ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ` ապրիլի 24-ը ճանաչելով ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «20-րդ դարասկզբին կատարված այս ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր նշանակություն ունի մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման գործում: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատգամն է ողջ մարդկությանը` այլեւս երբեք»,-նշել է Գալուստ Սահակյանը: 

Վյաչեսլավ Վոլոդինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ կապերն ունեն խոր արմատներ եւ ձեւավորված ավանդույթներ, որոնք պետք է պահպանել եւ առավել ամրապնդել: Պետական դումայի նախագահը, անդրադառնալով երկու երկրների ռազմավարական գործընկերությանն ու  միջխորհրդարանական հարաբերություններին, կարեւորել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Այս համատեքստում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի ձեւաչափում:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կստեղծեն երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի: 

 unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ