«Ջոկող, շուստրի ․․․ տերտերներն են բիզնեսների մեջ »
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը` մարտի 3-ը, պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր:
Մեզանում «գործարար» բառը տարբեր ընկալումներ ունի. երբեմն, ցավոք, այս բառը ասոցացվում է ընդհուպ մինչև «օլիգարխ» բառի հետ:
Ինչպիսի՞ն պետք է լինի գործարարի կերպարը և ինչպիսի՞ն է այդ կերպարը հայկական իրականությունում. ահա այս հարցումներով դիմեցինք քաղաքացիներին:
«Իսկական գործարարը պիտի լինի ինտելեկտուալ, գրագետ կառավարող ու համակարգող և, իհարկե, հեղինակություն վայելող: Իսկ մեր իրականության մեջ «գործարար» բառը կապվում է «կոռուպցիոներ» բառի հետ: Մեր իրականության մեջ «գործարար» բառն անմիջապես հիշեցնում է Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, Շմայսին, Քեթրինի Միհրանին… Անգամ տերտերներն են խառնվել բիզնեսների մեջ», – նշեց քաղաքացիներից մեկը:
Մեր հարցին՝ այսինքն՝ գործարարների մեծ մասը կոռուպցիոներնե՞ր են, քաղաքացին պատասխանեց. «Հա, բա տենց ա, կոռուպցիոներ են»: Հարցման մյուս մասնակիցը նշեց՝ «Գործարարը պիտի «ջոկող» լինի, ժամանակին համընթաց քայլի՝ TSD-ի հիմնադրի նման, ոչ թե մեր քյարթու ու շուստրի գործարարների նման լինի»:
Մեր գործարարների մասով ասեմ, որ այնպիսի տպավորություն է, որ բախտները բերել է ու հարստացել են: Հա, ու անգամ եթե խելքը գլխին գործարարներ էլ կան, ընդհանուր բացասական ֆոնի ներքո նրանց անուններն էլ են կեղտոտվում»:
Մեր հարցման մյուս մասնակիցը նշեց. «Գործարարը պետք է լինի երիտասարդ, նոր մտքերով լեցուն, նորաարություններ բերող, պայքարող, ակտիվ տեսակ, իսկ այսօրվա մեր իրականության մեջ, «գործարար» ասելով, անկախ ինձնից՝ առաջինը Սամվել Ալեքսանյանն է մտքիս գալիս»: