17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ովքեր են ձևավորում հասարակական կարծիքը. Առավոտ

”Վերջերս մի զրույցի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ հասարակական կարծիք ստեղծողներն արտահայտում են այսպես կամ այնպես, և իմ մոտ միանգամից հարց առաջացավ՝ իսկ կա՞ն արդյոք Հայաստանում նման մարդիկ։ Ո՞ւմ կարելի է այդպես անվանել, որո՞նք են չափանիշները։

Եթե չափանիշը մասսայականությունն է, ապա այն լավ սնված երիտասարդը, որի մեծադիր պաստառները փակցված են ամենուրեք Երևանում, և որը հավանաբար կերգի Համալիրի լեփ– լեցուն դահլիճում, հենց նա’ է հասարակական կարծիքի առաջատարը, և եթե նա, ասենք, Եվրասիական միության մասին ինչ-որ բան ասի, ”ժողովուրդը” կգնա նրա հետևից”,-գրված է թերթի խմբագրականում։

 ”Բայց դա ակնհայտորեն այդպես չէ՝ պոպուլյար լինելը դեռևս չի նշանակում հասարակական կարծիք ձևավորել։ Ես նույնիսկ չգիտեմ, թե նախկինում ովքեր էին դա անում։ Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը որքանո՞վ էին ազդում հասարակական կարծիքի վրա։ Որոշակի կրթված շրջանակներում (որոնք, արդար լինենք, 1960-70–ական թվականներին ավելի լայն էին, քան հիմա) նրանք հեղինակություն էին, բայց ասել, որ ամբողջ Հայաստանն ապրում էր նրանց արտահայտած գաղափարներով, երևի չափազանցություն կլինի։ Դա չափազանցություն չէ 88-ի ”Ղարաբաղ” կոմիտեի դեպքում։ Բայց այստեղ էլ, ինձ թվում է, գործում էր հակառակ մեխանիզմը՝ հասարակական կարծիքն էր կերտել այդ մարդկանց, նրանք ոչ այնքան տանում էին զանգվածներին, որքան տարվում էին նրանց կողմից։

 Դառնանք հասարակական կարծիք ստեղծելու ”ավանդական” միջոցներին։ Հեռուստատեսությո՞ւն։ Դժվար թե։ Եվ դրանում մեղքի մեծ բաժինը մերն է՝ հեռուստալրագրողներինս։ Որոշակի դեր է խաղում նաև ընկալման իներցիան՝ չնայած այսօր (շարունակում եմ դա պնդել) վիճակը այլ է, քան 10 տարի առաջ։ Կայքե՞ր, սոցիալական ցանցե՞ր։ Այստեղ գործում են երկու հիմնական ուժեր՝ իշխանությունը՝ մի կողմից (որը, բնականաբար, շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի) և ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ մյուս կողմից։ Բայց դրանք կուսակցական քարոզչամիջոցներ են, և օգտատերերը հիմնականում դա հասկանում են. էապես ազդել հասարակական կարծիքի վրա և լինել համընդհանուր հեղինակություն նրանք չեն կարող։

Այդպիսի հեղինակություն տեսականորեն կարող էին լինել մեր հոգևորականները։ Բայց վերջիններիս վերնախավը, չափից դուրս տրվելով աշխարհիկ վայելքներին և սերտաճելով իշխանության հետ, չի վաստակել այդ հեղինակությունը։ Դա պարզ էր դեռևս ”օՖշորային խնդիրներից” առաջ։

 Մի խոսքով՝ ես անկեղծորեն չգիտեմ, թե ովքեր և ինչպես են Հայաստանում հասարակական կարծիք ձևավորում։ Երբեմն ինձ թվում է, որ այդ ծանր գործը իրենց վրա են վերցրել քաղաքական թեմաներով դասախոսություններ կարդացող տաքսու վարորդները”։

Կարդում ենք “Առավոտի” խմբագրականում: Այլ հետաքրքիր հոդվածներ` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ