Մի զուգարան չկա. Հրապարակ
Սոցիոլոգիական հարցումներով ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից վարչապետ Կարեն Կարապետյանը, երեւում է, որ շատ մեծ տեղ է տալիս զբոսաշրջության զարգացմանը։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներքո ստեղծվեց զբոսաշրջության պետական կոմիտե՝ նախկին վարչության փոխարեն։ Իսկ կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն էլ մամուլի ասուլիսներում խոսում էր բավականին հավակնոտ ծրագրերից՝ Հայաստանը զբոսաշրջության առումով գրավիչ երկիր դարձնելուց, այդ նպատակով տարբեր փաթեթներ ներկայացնելուց, որոնք կպատմեն Հայաստանի տեսարժան վայրերի մասին։
Կառավարության կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ վարչապետը փետրվարի 28-ին ընդունել է «Associated Television international» ընկերության նախագահ Դեյվիդ Մը Քենզիին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության էլ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի միջազգային ճանաչելիության ավելացմանը, զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանը եւ տուրիզմի խթանմանը վերաբերող հարցեր։ Դեյվիդ Մը Քենզին էլ նշել է, որ ընկերությունը պատրաստվում է փաստավավերագրական ֆիլմ նկարել Հայաստանի մասին։
Որքանո՞վ կարող է տնտեսապես աղքատ, անբարեկարգ ճանապարհներ ունեցող, ամեն օր պատերազմի վերսկսման ռիսկի մեջ գտնվող երկիրը, որի մասին բարձրաձայնում են միջազգային փորձագետները, գրավիչ դառնալ արտերկրի տուրիստների համար։ Արդյոք հնարավո՞ր է զբոսաշրջությունը ճանաչել որպես տնտեսության զարգացման խթանող ճյուղ։ Կոնկրետ ի՞նչ քայլերից եւ հաշվարկներից ելնելով են իրենց զբոսաշրջային հավակնությունների մասին բարձրաձայնում երկրի վարչապետն ու զբոսաշրջության կոմիտեի նախագահը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցող տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ ընդունելի եւ ճիշտ է զբոսաշրջությունը որպես գերակա ճյուղ դիտարկելը, որն ունի զարգացման պոտենցիալ։ Բայց, ըստ տնտեսագետի, այսօրվա պայմաններում այդ ճյուղի զարգացումն ուղղակի անհնար է այն սպասումների ֆոնին, որը ներկայացվում է։
«Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի այն բավարար, անհրաժեշտ պայմանները զբոսաշրջության իր պոտենցիալն իսկապես իրացնելու համար։ Մենք ենթակառուցվածքների առումով ունենք շատ սահմանափակումներ։ Կան երկրներ, որոնք եւս չեն համարվում տնտեսապես զարգացած, բայց գոնե այն շրջանները, տարածքները, որոնք զբոսաշրջության կենտրոններ են, ապահովված են ենթակառուցվածքներով։
Բայց մեր երկրում նույնիսկ զբոսաշրջությանը հատկացվող պետական միջոցներն են էապես կրճատվել՝ համեմատած նախորդ տարիների։ Չկան, շատ սուղ են պայմանները։ Նկատի ունեմ՝ եւ՛ ճանապարհները, եւ՛ սպասարկումը, եւ՛ կադրերը, եւ՛ ավիացիոն քաղաքականության հիմնախնդիրները, եւ՛ երկաթուղին։ Լուրջ խնդիր է նաեւ Հայաստանի մեկուսացումը աշխարհից, մեր երկրի իմիջն է նաեւ ընկել։ Սրանք լուրջ գործոններ են զբոսաշրջության պոտենցիալն իրացնել չկարողանալու համար»,- ասաց տնտեսագետը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն ունի իմիջի խնդիր, որն անկում է ապրել ոչ ճիշտ քաղաքականության հետեւանքով։ «Զբոսաշրջության զարգացման համար կան եւ՛ ընդհանուր խոչընդոտներ, եւ՛ առանձնահատուկ խոչընդոտներ»,- նկատում է մեր զրուցակիցը։ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատներե կուսակցությունը հանդես է գալիս ՝ հօգուտ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի, ինչը հնարավորություն կտա ազատ պայմաններ ստեղծելուն։ «Երկիրը նախ պետք է գրավիչ դառնա ազատ ելումուտի առումովե,- ասաց տնտեսագետը։
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցող տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ կարծում է, որ զբոսաշրջության զարգացումը շատ կարեւոր եւ հետաքրքիր է Հայաստանի համար։ «Մենք ապրում ենք այս երկրում եւ չենք կարողանում հասկանալ այս երկրի չքնաղությունը, վեհությունը, գեղեցկությունը։
Իսկ դրսից եկած ճաշակ ունեցողները հիանում են մեր երկրով, մեր խոհանոցով, ավադույթներով։ Սակայն մենք այդ ամենը չենք կարողանում քաղաքակիրթ ձեւով ներկայացնել։ Իսկապես զբոսաշրջությունը մենք պետք է զարգացնենք։
Բայց միայն ցանկությունները քիչ են։ Ես կարող եմ ասել՝ ոչ թե հյուրանոցյաին համալիրներ կամ հանգստի տներ եմ փնտրում, այլ որ հանրապետությունով ծայրից ծայր անցնելու պարագայում չեմ գտնում հասարակ զուգարան։ Եվ եթե մեր իշխանությունները հակված են այս ոլորտը զարգացնելու, ապա մենք չպետք է ընկնենք մեծ բաների հետեւից, որոնք անիրականանալի են այսօրվա չլուծված տարածաշրջանային հակամարտության պարագայում, մեր՝ ոչ հարուստ ռեսուրսների պայմաններում։
Կարելի է սկսել ամենահասարակ բաներից՝ իջեւանելու, սնվելու համար տարրական պայմաններ ապահովելուց։ Սրանք, իհարկե, պահանջում են խոշոր կապիտալ ներդրումներ, բայց ես համոզված եմ, որ այսպիսի քաղաքականություն, ռազմավարություն ընդունելու դեպքում մենք խնդիր չենք ունենա։ Մի շարք երկրներ՝ Իսպանիան, Հունաստանը, այլք, բացառապես իրենց բյուջեները, գանձապետարանները գումարներ են լցնում զբոսաշրջության միջոցով։
Հայաստանն այս պահին զուրկ է ստրատեգիական բնույթի ռեսուրսներից, եւ զբոսաշրջությունը կարող է լինել մեր տնտեսության միջուկը, որը կարող է ենթադրել ֆինանսական ռեսուրների հոսք Հայաստան։ Առավել եւս՝ հայ ժողովուրդը հյուրեր ընդունող, հյուրասեր է»,- ասաց Վարդան Բոստանջյանը։