ԱՄՆ դեսպանը ոչ թե զգուշացնում է, այլ ակնարկում
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքացիների վրա տոտալ հարձակում կա՝ զանգերով, ծանոթներով, բակերով ձայնորսությամբ են զբաղված: «Բացատրությունը հետևյալն է, քանի որ տեղամասերում քչացել է կեղծիքը, որովհետև ցուցակների հրապարակումը և ամբողջ պրոցեսի նկարահանումը դժվարեցրել է կեղծարարների գործը, իրենք հարձակվել են մարդկանց վրա»,-նշեց Ա. Մանուկյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե նույնիսկ այդ ընտրակաշառքը վերցնում են, ապա պիտի ընտրեն քվեարկեն այն քաղաքական ուժի օգտին, որին նախընտրում են։ «ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից կա արդար ընտրություններ տեսնելու կամք։ ԱՄՆ դեսպանի հարցազրույցը շատ հստակ է։ Դեսպանը հաղորդագրություն է ուղարկում քաղաքական կուսակցություններին զգույշ լինել ընտրակաշառք բաժանելուց, և դա, բնականաբար, իշխանություններին է վերաբերվում։ Դա ոչ միայն զգուշացում է, այլ հետագա քայլերի համար ակնարկ»:
Նա նաև հիշեցրեց, որ տարածքային ցուցակներով առաջադրումները ՀՀԿ-ում հանգեցրել են ծածկռտուքների: Իրենց կուսակցությունում, ՀԱԿ պատգամավորի խոսքով, նման երևույթներ չկան. «Ում էլ ձայն տաք, այդ ձայնը գնում է Կոնգրեսին, ինչը գոյություն չունի Հանրապետականի մոտ, քանի որ իրենք փող են դրել գործի մեջ և փողի արդյունքը պիտի ստանան, իրենք փող են դնում, մենք՝ ոգի ու միասնականություն»: