25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհին մեղադրվում է նախկին ամուսնուն ծեծելու մեջ

Նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից անցած տարվա ամռանը կացնահարված Թագուհի Մանսուրյանը հայտնվել է դատարանում. Նա մեղադրվում է նախկին ամուսնուն ծեծելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության` Մանսուրյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում նախկին ամուսնու կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ եւ նրա նկատմամբ կատարել բռնի գործողություններ. դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը:

Բացի դրանից, Մանսուրյանը 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վլադիկ Մարտիրոսյանի հետ եւ դիտավորությամբ ճանկռել թեւերը: Մեկ այլ օր նույնպես Թագուհի Մանսուրյանը, ըստ մեղադրանքի, վիճաբանել է նախկին ամուսնու հետ եւ ճանկռել նրա ձեռքերը:

Այս գործով մեղադրյալ է նաեւ Վլադիկ Մարտիրոսյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն` Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում վիճել է նախկին կնոջ հետ եւ քաշքշել է նրան եւ տվել սպանության սպառնալիք: Բացի դրանից, Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմաններում նախկին կնոջից` Թագուհի Մանսուրյանից, պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիքներ է տվել:

Հաջորդ օրը նույնպես Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ հոր հետ եւ տվել սպանության սպառնալիք: Այդ ընթացքում Մարտիրոսյանը մի քանի անգամ հարվածել է նրան: Հունիսի 22-ին նույնպես Մարտիրոսյանը որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորն ու նրա ընտանիքի անդամներին:

Հուլիսի 8-ին էլ Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ եւ դիտավորյալ հարվածել նրա գլխին:

Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով, իսկ Թագուհի Մանսուրյանին` ՔՕ 118-րդ հոդվածով:

Նշենք, որ դատարանում է գտնվում նաեւ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը կացնահարելու գործը::

Ըստ մեղադրական եզրակացության` 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանն անբարյացակամ հարաբերություններ է ունեցել նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի եւ վերջինիս ծնողների հետ: Հուլիսի 8-ին գիշերն իր մանկահասակ որդուն տեսակցելու շուրջ վիճել է նախկին կնոջ եւ ծնողների հետ: Այնուհետեւ Մանսուրյանները գնացել են ոստիկանություն` կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու: Համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով իր հետ նախապես վերցրել է կացին եւ դարանակալել է նրանց շենքի շքամուտքում: Մի քանի ժամ անց Թագուհին ու մայրը մտել են շենք եւ գնացել իրենց տան ուղղությամբ: Հենց այդ պահին Վլադիկ Մարտիրոսյանը հարձակվել է նրանց վրա, կացնող բազմաթիվ հարվածներ հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին, ապա նաեւ մոր գլխին եւ մարմնի տարբեր մասերին` սպանելով նրան: Այնուհետեւ նույն կացնով հարվածներ է հասցրել նաեւ աներոջը: Աղմուկի ձայներից հարեւանությամբ բնակվող Սարգիս Գրիգորյանը դուրս է եկել բնակարանից եւ հետեւի կողմից փաթաթվելով` Վլադիկ Մարտիրոսյանին հեռացրել է Մանսուրյաններից:

Բացի դրանից, Վլադիկ Մարտիրոսյանը հունիսի 3-ին Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ եւ սպառնացել, որ կսպանի, կվերացնի նրան:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ