Ինչու է Նիկոլ Փաշինյանը լռում
«Բոլորն նրանք, ովքեր հստակ չեն հայտարարում, որ Հանրապետականի հետ կոալիցիա չեն կազմելու, ուրեմն ընդդիմության անվան տակ մասնակցում են, որպեսզի ՀՀԿ-ի հետ հետագայում կոալիցիա կազմեն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Թույլ տվեք կանխատեսել, որ այսօրվա ընտրություններին մասնակցող ուժերից առնվազն 5-ը պոտենցիալ Հանրապետական ուժեր են: Չեմ կարող անուններ տալ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը»,- նշեց բանախոսը:
Փաշինյանը հայտնեց , որ Մարտի 5-ին «Ելք» դաշինքը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, որը կզուգորդվի դրամահավաքով. «Մենք կազմակերպելու ենք դրամահավաք-երեկո, որտեղ «Ելք» դաշինքը և նրա առաջադրած թեկնածուները գումարներ են ընդունելու քաղաքացիներից: Դրանով պետք է փորձենք ֆինանսավորել մեր նախընտրական քարոզարշավը»:
«Մենք հավակնում ենք Հայաստանում ստանձնել իշխանությունը, բայց մեզ համար կարևորագույն հաղթանակը լինելու է այն, երբ որ լինի ժողովրդի կամքի արտահայտում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: