Աշոտ Պետրոսյանին ՔԿՀ-ում նվաստացնում են. ահազանգ
Հ Ր Ա Տ Ա Պ ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ
2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Ա. Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց:
Փետրվարի 21-ին այցելել եմ իմ պաշտպանյալին՝ քննարկելու քրեական գործի որոշ հանգամանքներ: Առանձնազրույցի ժամանակ Ա. Պետրոսյանը հայտնեց, որ նոր խուցը զուրկ է ամենատարրական և նվազագույն պայմաններից. խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում եղել է չափազանց ցուրտ: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա (փետրվարի 21-ի) ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները «համահունչ են» վերը ներկայացված պայմաններին:
Նշեմ, որ Աշոտ Պետրոսյանը ոտքի ծանր հրազենային վնասվածք է ստացել ՊՊԾ գնդի հարակից տարածքում, և անգամ նրա ոչ լիարժեք առողջ լինելու փաստը ոչ մի նշանակություն չի ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության համար, երբ նրան “տեղավորում էին” թիվ N խցում:
Հավելենք նաև, որ Ա. Պետրոսյանը վնասված ոտքը չի կարողանում լիարժեք ծալել (կքանստել), որը նրա համար լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում սանհանգույցից օգտվելու ժամանակ:
Անձի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող ավելի ցցուն դրսևորում հնարավոր չէ պատկերացնել:
Եթե Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա «պլանի» հեղինակներին դա լիովին հաջողվել է:
Սույն Դիմում բողոքով մեր վրդովմունքն ենք հայտնում և պահանջում` հրատապ միջոցներ ձեռնարկել Աշոտ Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը վերացնել, ապահովել կալանավորված անձի համար օրենքով սահմանված բոլոր պայմանները, իսկ Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ N խցում տեղավորելու համար որոշում կայացրած անձանց ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին մեզ հայտնել գրավոր:
Պաշտպան`