15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Լեզուն անցողիկ հպարտություն չէ»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի օրվա առթիվ. 

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ:

Դարերի ու փորձությունների միջով միմյանց ենք փոխանցել մայրենի լեզվի լույսը, լույս, որը չկարողացան հանգցնել ոչ միայն պատերազմները, այլեւ առայսօր էլ սեփական լեզուն ու գիրը չունեցող եւ փոխարենն ուրիշից գողացածն օգտագործող ոմանց բռնությունները: Այն նպատակաուղղված ոտնձգությունները, որոնք կատարվել են մեր լեզվի հանդեպ, ցանկացած այլ լեզվի պարագայում ճակատագրական ու կորստաբեր կլինեին, բայց մեր լեզուն քայլեց առաջ, որպես առաջնորդ ու ուղեցույց, վահան ու հովանի՝ իր զորությամբ մեր օրեր հասցնելով մի ամբողջ ազգի:

Մեր լեզվի մեջ բաց տեքստով գաղտնագրված են մեր նախնիների իմաստությունը եւ ավանդն այն մասին, թե ինչպես վերաբերվել ապագային: Լեզուն անցողիկ հպարտություն չէ եւ այսօր էլ մեզ զարդարելով ու բարձրացնելով՝ պարտավորեցնում է ազգային ու պետական, քաղաքական ու քաղաքացիական մակարդակով նույնչափ հոգատար լինել իր հանդեպ, որովհետեւ դա նշանակում է հոգատար ու պատասխանատու վերաբերմունք մեր անցյալի ու ապագայի նկատմամբ:

Այն ժողովուրդը, որը հարգում է սեփական լեզուն, ի զորու է հարգանքով վերաբերվել նաեւ այլոց լեզուներին: Հայաստանի Հանրապետությունում ապրող տարբեր ազգային փոքրամասնությունների ազատ հաղորդակցումն իրենց մայրենի լեզվով դրա լավագույն վկայությունն է:

Թող Մայրենի լեզվի օրը դառնա ոչ միայն մեր թանկարժեք հարստությունը գնահատելու եւ մեծարելու, ազգն ու պետականությունը սիրելու եւ հարգելու, այլեւ համերաշխության ու համաձայնության տոն:

Մաղթում եմ ձեզ խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ