Դարձել է Արմավիրի մարզի սադրանքների զոհը. պատճառն ԱԺ ընտրություններն են
«Խնդրում եմ իշխանություններին չկպնել, իմ ասածները քաղաքական դիվիդենտներ շահելու համար չեն, ես ՀՀԿ հնաբնակ եմ և հավատարիմ եմ իմ կուսակցության բոլոր քայլերին»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես սկսեց իր խոսքը Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը, ում օրեր առաջ հեռացրել են դպրոցի տնօրենի պաշտոնից: Նախկին տնօրենը համոզված է, որ իրեն առանց հիմնավորումների ազատել են զբաղեցրած պաշտոնից, ինչին իրենց մասնակցությունն ունեն Արմավիրի մարզպետը և Դաշտի գյուղապետը: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուսաննա Նազարյանը, ով տարիներ առաջ հեռացվել էր Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնից:
«Կան մարզպետներ, որոնք ունեն հոդված իրենց վրա, և նոր տնօրեն, որի վրա ևս կա հոդված: Սուսաննա Նազարյանի հոդվածը 309-ն է` պաշտոնական դիրքի չարաշահում: Էջմիածնի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնից Արմեն Աշոտյանը ազատում է, մարզպետը` նշանակում»:
Գ. Ռոստոմյանը հայտնեց, որ իրեն ազատել են 95-րդ հոդվածի 3 մասի 5 կետի համաձայն` ժամանավորապես բացակայող աշխատողին փոխարինել նոր աշխատողով: Նրա խոսքով տեղի ունեցածը կապված է ԱԺ ընտրությունների հետ.
«Մարզպետն ինձ ասաց` քանի աշխատող ունես, ասացի 20, մարզպետը, թե քանիսը ձայն կտան, ես ասացի, որ կեսից ավելին ունեմ, 15 կլինեն: Դպրոցը քաղաքական կառույց չէ: Մինչև ընտրությունների անցկացումը գյուղապետը հայտարարում է, թե իմ դեմ եք աշխատում, չեք ուզում, որ ձայն հավաքի: Ես ասել եմ, որ ՀՀԿ անդամ եմ, այդպես չի կարող լինել, բայց դպրոցն էլ ապաքաղաքականացված կառույց է»: Նա համոզմունք հայտնեց, որ դարձել է գյուղապետի սադրանքների զոհ, ով համագործակցել է մարզպետի հետ:
Նախկին տնօրենը հավելեց, որ 2 տարի առաջ, երբ բոլոր տնօրենները պետք է հավաստագիր ստանային, իր ստանալը ձգձգվել է.«Ես մնացի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ ընթացքում 4-5 անգամ խորհրդի նիստ հրավիրվեց, բոլոր անգամներում էլ նիստը չէր կայանում: Խորհրդի նախագահն էր գյուղապետը, որը համաձայնության է գալիս մարզպետի հետ: Ես արդեն մեկուկես տարի է` ունեմ հավաստագիր»:
Ռոստոմյանի համոզմամբ, մինչ այժմ էլ եղել են դեպքեր, երբ առաջարկներ են եղել այլ անձանց դպրոցի տնօրենի պաշտոն զբաղեցնել, բայց մարդիկ հրաժարվել են` տեսնելով իր կատարած աշխատանքը:
Նրա պահանջն է արդարության հաստատումը.«Պատրաստ եմ գնալ այս երկրից, Բուրկինա Ֆասո էլ լինի կգնամ, հայրենիքն իմն է, բայց երկիր իմը չէ»: