Ավագ դպրոցը չի կարող լինել հիմնական դպրոցի կրկնությունը. Լ. Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում հանդիպում է ունեցել մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ, որտեղ քննարկվել են ավագ դպրոցների բարեփոխումների, մասնավորապես 2016-2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետության հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները:
Անդրադառնալով նախորդ տարվա վերջին հանրակրթական դպրոցներում պետական ավարտական քննությունների կազմակերպման կարգում կատարված փոփոխություններին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցի բարեփոխումն այժմ գտնվում է պատասխանատու փուլում. «Մենք անցյալ տարվա վերջին համարձակ քայլ կատարեցինք, փորձելով ուսումնառության վերջին տարվա երկրորդ կիսամյակում աշակերտի ուշադրությունը կենտրոնացնել երեք առարկայի վրա: Մենք այժմ խնդիր ունենք գնահատելու և վերլուծելու այդ փորձնական քայլի արդյունավետությունը: Մեր վարած քաղաքականությունը համահունչ է միջազգային ձևաչափին. գրեթե բոլոր երկրներում, որտեղ ներդրված է ավագ դպրոցի համակարգը, վերջին դասարաններում կրթական ծրագիրը կտրուկ բեռնաթափվում է: Մենք ավագ դպրոցում ունենք 16 առարկա, որը երեխաների համար մեծ ծանրաբեռնվածություն է և թույլ չի տալիս նրանց կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնք անհրաժեշտ են ապագա մասնագիտության համար: Բոլոր միջազգայնորեն ընդունված կրթական համակարգերում ավագ դպրոցի վերջին դասարանում առարկաների ծանրաբեռնվածությունը սահմանափակվում է 6 առարկայով»,- նշել է ԿԳ նախարարը:
Լևոն Մկրտչյանի խոսքով՝ առաջին քայլն արդեն կատարված է, և այժմ պետք է փորձ արվի ուսումնական ծրագրի առարկայական բեռնաթափումն իջեցնել մինչև 11-րդ դասարան։ «Մենք մտածում ենք, որ իրենք 11-րդ դասարանով կարող են ավարտել մեծ առարկայախմբի ուսուցումը, իսկ 12-րդ դասարանում կենտրոնանալ միայն մասնագիտական կողմնորոշման համար իրենց հետաքրքրող առարկաների վրա: Մենք այս փուլում կարող ենք մտցնել նաև պրակտիկաներ և երեխաների համար կյանքում առավել անհրաժեշտ առարկաներ, որպեսզի ավագ դպրոցը չդառնա հիմնական դպրոցի կրկնությունը: Այս առումով նախարարության համար չափազանց կարևոր է ավագ դպրոցների տնօրենների կարծիքն ու գնահատականը, որպեսզի հասկանանք՝ որն է լինելու մեր հաջորդ քայլը»,-նշել է նախարարը և հավելել, որ նոր փոփոխությունները կարող են կիրառվել միայն գալիք ուսումնական տարվանից: Նախարարը նաև նշել է, որ դպրոցական պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգը քննարկվելու է ոչ միայն մայրաքաղաքի տնօրենների, այլ նաև մարզերի և գյուղական միջնակարգ դպրոցների տնօրենների հետ՝ հասկանալու, թե նրանք ինչ խնդիրներ ունեն. «Այն ավագ դպրոցներում, որտեղ հոսքային դասարաններ են ձևավորված, նոր ընթացակարգը գրեթե խնդիրներ չի հարուցել: Իսկ միջնակարգ դպրոցներում, որտեղ ձևավորված ուղղություններ չկան, խնդիրներ առաջացել են: Այս տեսանկյունից նոր կարգի արդյունավետությունը գնահատելիս պետք է հաշվի առնենք կրթական նորարարության բովանդակությունը և դպրոցների ֆինանսավորման խնդիրը, քանի որ բեռնաթափումը անդրադառնում է նաև ֆինանսական վիճակի վրա: Մենք պետք է հստակ վերլուծություն ունենանք՝ հիմնական առարկայախումբը 11-րդ դասարանում ավարտելու դեպքում արդյոք չե՞նք ունենա կրճատումների խնդիր»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարի համոզմամբ՝ ավագ դպրոցի ծրագրերի բեռնաթափումն անհրաժեշտություն է, և այդ տեսանկյունից ավագ դպրոցի առջև երկու կարևոր խնդիր է դրվում. առաջին՝ ավագ դպրոցը սովորողին պետք է ապահովի գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են նախընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար, և երկրորդ՝ ավագ դպրոցում պիտի դաստիարակվի նաև քաղաքացի. «Կան պարտադիր առարկաներ, որոնք անպայման պետք է պահենք, օրինակ՝ «Նախնական զինվորական պատրաստությունը»: Այսինքն, բեռնաթափմանը զուգահեռ, մենք պիտի պահենք դպրոցի դաստիարակչական գործառույթը: Մենք պիտի հաշվի առնենք, որ կան նաև երեխաներ, որոնք չեն ուզում գնալ բուհ, այդ դեպքում նրանց պետք է նախապատրաստենք որևէ այլ մասնագիտության, որը պահանջված է շուկայում»,- ասել է նախարարը: Նախարար Լևոն Մկրտչյանն ընդհանուր մտահոգություն է դիտարկել այն, որ վերջին տարիների ընթացքում կրթական համակարգում նկատվում է «հումանիտարացման» միտում. «Ինքս պատմաբան եմ և շատ լավ գիտեմ հումանիտար կրթության կարևորությունը: Բայց այսօր մենք ունենք մի պատկեր, երբ բուհական համակարգում բակալավրի կրթական աստիճան ստացողների 70 տոկոսն ունեն հումանիտար կրթություն: Իսկ բնագիտական մասնագիտություն ունեցողների մեծ մասը շատ արագ վերապրոֆիլավորվում է դեպի ՏՏ ոլորտ, որտեղ աշխատատեղերի մեծ պահանջարկ կա: Արդյունքում բնագիտական թևն ունի լուրջ անկում, որի արմատները գալիս են դպրոցից: Մենք պետք է նախ դպրոցում ուժեղացնենք այդ ուղղվածությունը, որը հետո կտեղափոխվի բուհ,-նշել է ԿԳ նախարարը: Կա թյուր կարծիք, թե Հայաստանում բարձրագույն կրթությունն ընդգծված մասսայական է, մինչդեռ, ըստ ցուցանիշների, եվրոպական բազմաթիվ երկրներում բարձրագույն կրթության միջին ցուցանիշը մոտ 70 տոկոս է կազմում, իսկ Հայաստանում բուհ սովորողների թիվը 55-57 տոկոսի սահմաններում է տատանվում, որը մոտ է եվրոպական նվազագույն սանդղակին»:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Արշակյանը ներկայացրել է 2016 թվականի դեկտեմբերին ավագ դպրոցներում պետական ավարտական քննությունների մասնակցության տվյալները: Ըստ այդմ՝ 2016-17 ուստարում 12-րդ դասարանում սովորող 19590 աշակերտներից 11121-ը՝ 57 տոկոսը դեկտեմբերի 24-30-ը մասնակցել է պետական ավարտական քննություններին և երկրորդ կիսամյակի համար պահել երեք նախընտրելի առարկաներ: Հետևաբար ավագ դպրոցի շրջանավարտների առնվազն 57 տոկոսը պատրաստվում է դիմել բաձրագույն ուսումնական հաստատություններ:
Հանդիպմանը մասնակից տնօրենների կարծիքով իրականացված փոփոխությունն ավագ դպրոցի առաքելությանը համահունչ է և ծրագրերի բեռնաթափումը նոր հնարավորություններ է ստեղծում աշակերտների մասնագիտական գիտելիքները խորացնելու համար:
Հանդիպման ավարտին մասնակիցները բարձրացրել են նաև մի շարք հարցեր, ներկայացրել տարբեր առաջարկներ՝ պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի և ավագ դպրոցների առարկայական ծրագրերի հետ կապված: