12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սամսունում հայ վարպետների հեղինակած եզակի 150-ամյա երկաթյա դուռ է պահպանվել

Թուրքիայի Սամսուն քաղաքում շուրջ 50 տարի դարբնագործությամբ զբաղվող Իբրահիմ Գերմին իր պապից ժառանգություն է ստացել 150-ամյա  պատմություն ունեցող մի երկաթե դուռ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես պատմամշակութային արժեք գրանցված այս դուռը պատրաստվել է հայ դարբինների կողմից, սակայն դռան վրա հեղինակի մասին որևէ գրություն չի պահպանվել:

Այս պատմական երկաթյա դռան վրա քանդակված է Մարիամ Աստվածածնի պատկերը: Այդ պատճառով ստեղծագործությունը գրավել է նաև տեղի կաթոլիկ եկեղեցու քահանայի ուշադրությունը: Քահանան առաջարկել է իրեն վաճառել դուռը կամ Աստվածածնի քանդակը, սակայն Գերմին ոչ մի կերպ չի համաձայնվել: Դուռը ցանկացել են գնել նաև պատմական արժեքներով հետաքրքրվող մի շարք այլ անձիք, սակայն դարբինը հրաժարվել է այն վաճառել:

«Այս դուռը հայերի ժամանակներից է մնացել: Պապս է այն պահպանել: Սա պատրաստող դարբինը այնպիսի վարպետություն է արել, որ ես, որպես արհեստավոր, նախանձում եմ: Բոլոր անկյունները միլիմետրի ճշտությամբ նույնն են: Հայ վարպետը շատ լավ գործ է արել: Իսկ դռան վրա եղած փականի նմանը ողջ Թուրքիայում այլևս չկա: Այսպիսի դռները պատվիրվել են՝ սուլթանների ու արքաների հյուրընկալված վայրերում օգտագործելու համար»,- պատմում է Գերմին:

Վարպետը նշում է, որ 250 կգ կշռող այս դռներից ընդամենը երկու օրինակ գոյություն ունի, երկուսն էլ իր մոտ են: Դրանցից յուրաքանչյուրը 2 մետր 40սմ բարձրություն ունի: Դռների համար տարբեր գնորդներ առաջարկել են մինչև 30.000 լիրա, սակայն նա անդրդվելի է մնացել:

65-ամյա Իբրահիմ Գերմիի խոսքով՝ այս ստեղծագործությունն իր համար ամենաթանկ ընտանեկան ժառանգությունն է և նա չի պատրաստվում այն վաճառել: Ավելին, դարբինը հորդորել է իր որդիներին ու թոռներին՝ նույնպես երբևէ չվաճառել այս յուրահատուկ պատմական ստեղծագործությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ