Թուրքիայի Չանաքքալե նահանգում մի քանի ուժգին երկրաշարժ է գրանցվել
Փետրվարի 6-ին Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Այս մասին տեղեկացրել է թուրքական «Haberler.com» լրատվակայքը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան 06:51-ի սահմաններում: 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Բուրսայիում և Ստամբուլում:
Ցնցումների հետևանքով Բայըրքյոյ գյուղում շուրջ 40-50 տուն է վնասվել, Այվաջըքի մի քանի այլ գյուղերում ևս նյութական վնասներ են պատճառվել: Ժամը 07:17-ի սահմաններում նույն տարածքում գրանցվել է երկրորդ ցնցումը՝ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ:
Հաջորդող 3 ժամերի ընթացքում Այվաջըքում շուրջ 40 հետցնցում է արձանագրվել, որոնցից ամենաուժգինը՝ 3.7 մագնիտուդ հզորությամբ: Ավելի ուշ՝ ժամը 14:45-ի սահմաններում նույն շրջանում տեղի է ունեցել ևս մեկ ցնցում՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ:
Ցնցումների պատճառով զոհեր չեն գրանցվել, Այվաջըքի Յուքարըքյոյ գյուղում 2 քաղաքացի է վիրավորվել: Պարբերաբար կրկնվող ցնցումների պատճառով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: