«Դուք ուզում եք իշխանափոխություն, գնացեք, ինքներդ էլ արեք»
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ աշնանը տեղի ունենան հասարակական ընդվզումներ: Իր այս տեսակետը նա հիմնավորում է հասարակության թույլ և անտարբեր լինելով:
Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տարիներ շարունակ հասարակության գիտակցության մեջ ամրապնդվում էր գիտակցումը, որ այս երկիրը երկիր չէ, և պետք է հեռանալ: Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում սա վերջնականորեն ամրապնդվեց հասարակության մեծ մասի ուղեղում:
«Այս պատճառով արտագաղթը ավելացել է, ու մարդիկ հույս չունեն, որ ավել լավ կլինի: Հիմա քաղաքական համակարգն իր խնդիրներն ունի, իսկ հասարակությունն այլ խնդիրներ ունի: Նա գիտի, որ մոտակա ժամանակ ոչինչ չի փոխվելու, առաջիկա չորս-հինգ տարիների ընթացքում ոչ մի բան չի փոխվելու այս երկրում, և գնալու ցանկությունը դարձել է գերիշխող կարծրատիպ հասարակության մի զգալի մասի մոտ»,-ասաց Բադալյանը:
Վերջինս շեշտեց, որ արտագաղթողները հասարակ սպառողներն են, և իշխանությունն էլ է արդեն հասկանում, որ սպառումը բավական շատ է նվազել: «Ապրանքների սպառման խիստ անկում է տեղի ունենում, և իշխանությունը հասկանում է, որ ֆինանսապես տուժում է, սակայն ուղղակի ձայն չի հանում»,-նկատեց նա:
Փորձեգտի խոսքով` ընդդիմությունն էլ չի կարողանում ազդել հասարակության վրա:
«Երբ որ հասարակությունը չի սնուցում ընդդիմությանը, վերջինս ոչինչ չի կարող անել: Նրանք ընդդիմությանն ասում են` դուք ուզում եք իշխանափոխություն, գնացեք, ինքներդ էլ արեք, եթե կանեք, կգանք, եթե չէ, մենք կգնանք: Հասարակությունն այլևս չի աջակցում նրանց, նա ուղղակի հեռանում է:
Նման թուլացած հասարակությունն ի վիճակի չէ ինչ-որ բան անել, այդ պատճառով էլ ասել, որ տեղի կունենան հասարակական ընդվզումներ, ոչ, իսկ եթե պաշտոնանկություններ լինեն, ուղղակի իշխող ուժի մեջ տեղի կունենան ուժային վերադասավորումներ»,-եզրափակեց Արմեն Բադալյանը: