Նախագահն այցելել է Երևանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ: Հանրապետության Նախագահը ակումբի հիմնադիր-ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սպորտային ակումբում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարության մեկնարկից՝ 2015 թվականից մինչ օրս իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, սպորտային ակումբի հնարավորություններին, ամենատարբեր մարզաձևերում հանրությանն առաջարկվող ծառայություններին և հետագա զարգացման ծրագրերին:
Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիբոկ» սպորտային ակումբի բացումը նախատեսվում է 2017թ. ապրիլին: 2017-2020թթ. ընթացքում կստեղծվի 120-300 նոր աշխատատեղ՝ միջինը 200.000 դրամ աշխատավարձով։ Ծրագրի արժեքը 23 մլն եվրո է, որից մինչ այժմ ներդրվել է շուրջ 19.5 մլն եվրո։ Ակումբի հիմնումը իրականություն է դարձել աշխարհահռչակ «Ռիբոկ» ապրանքանիշի հետ ֆրանչայզինգի պայմանագրի կնքմամբ:
Տարածաշրջանում ամենամեծ՝ «Ռիբոկ» սպորտային ակումբը, որի հնարավորությունները թույլ են տալիս տարեկան սպասարկել շուրջ 15.000 մշտական հաճախորդի, «Ռիբոկ» ապրանքանիշից բացի, հանդիսանում է երկու այլ աշխարհահռչակ ընկերությունների՝ կանադական «Ուայթ Վոթեր Վեստ Ինդաստրիզ» և ֆրանսիական «Տալիոն» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում։
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ստեղծել նաև վնասվածքներով պրոֆեսիոնալ մարզիկների և ոչ պրոֆեսիոնալների համար նախատեսված վերականգնողական մարզման կենտրոն՝ հագեցած ոլորտի նորագույն սարքավորումներով: