Հայ համայնքը չի ցանկանում Հայոց պատրիարքի ընտրությունները թողնել Էրդողանի հայեցողությանը
Թուրքիայի հայ համայնքը վրդովվել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց պատրիարքի ընտրությունը կապել է սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:
Վերջերս հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հայոց պատրիարքի ընտրության հարցը: Էրդողանը հայտնել էր, որ պատրիարքի և համայնքի հիմնադրամների ընտրություններով կզբաղվեն հանրաքվեն ավարտելուն պես:
Հայկական «Ակօս» շաբաթաթերթն արձագանքել է այդ հայտարարությանը՝ դժգոհելով որ բավական չէ հայկական համայնքին անորոշ ժամանակ են պարտարդրում, հիմա էլ հարցն ամբողջությամբ թողնում են Էրդողանի հայեցողությանը:
Համայնքի ներկայացուցիչներից Թաթյոս Բեբեքը, դժգոհելով Շիրնիօղլուի և Էրդողանի հանդիպումից, նշել է. «Մինչ սպասում էինք, որ Ստամբուլի նահանգապետարանից հանդիպման հրավեր պիտի գա ընտրության անցկացման դիմումը ներկայցնելու համար, հանրաքվեն ի հայտ եկավ: Անընդհատ պատվրակներ են առաջ բերվում, և ընտրությունները ոչ մի կերպ չեն անցկացվում: Դեռ ավելին, հիմա էլ գործընթացի մեջ ներգրավվեց նախագահը: Հարցը շեղելու համար ևս մեկ հիանալի պատրվակ»:
Հիշեցնենք, որ օրերս համայանքի ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր նախագահ Էրդողանի հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի մեջլիսում հայտնի ելույթից հետո, երբ վերջինիս Հայոց ցեղասպանություն արտահայտության համար պատժել էին՝ հեռացնելով մեջլիսի 3 նիստից: Շիրինօղլուն Էրդողանին հայտնել էր, թե հայ համայնքի 99 տոկոսը Փայլանի տեսակետները չի կիսում: Իսկ պատրիարքի ընտրության հարցի քննարկման ժամանակ Էրդողանն ասել էր, որ ընտրությունների ուշացումը հայ համայանքի թերացումն է: Նա նաև նշել էր, որ ընտրություններով կհետաքրքրվեն հանրաքվեից հետո, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին: