26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կներդրվի այնպիսի բնավճարների համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը.

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը: Հասարակական խորհրդի նախորդ նիստում  արծարծվել էր Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքից Մատնունի ծիրանավոր կարմիրգրքային բուսատեսակի տեղափոխման հարցը: Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչությունն ուսումնասիրել էր վերոհիշյալ գործընթացի կարգավորման իրավական հիմքերը: Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը խորհրդի անդամներին հայտնել է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շրջանակներում Մատնունի ծիրանավոր բուսատեսակի տեղափոխումը չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին:

Հասարակական խորհրդի անդամ, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ հանքավայրի տարածքից տեղափոխված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը հարմարվել է նոր միջավայրում: Վերջինս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է մինչև Ամուլսարի նախագծի վերաբերյալ հրապարակային դիտարկումներ անելը` մասնագիտական քննարկումներ կազմակերպել «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակում` բնապահպան-մասնագետների մասնակցությամբ:

Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը` նկատելով, որ Ամուլսարի նախագծային և ՇՄԱԳ փաստաթղթերը և ուսումնասիրությունները ծավալուն են /մոտ 8000 էջ/, անհարժեշտ է համարել այն հանրությանն իրազեկելը, իսկ դրանց հիմնավոր ուսումնասիրությունը մասնագետներին հնարավորություն կտա ավելի փաստարկված հանդես գալ: Առաջարկն ընդունվել է նաև հասարակական կազմակերպությունների անդամների կողմից:

Խորհուրդը հրատապ կարգով քննարկել է հասարակական կազմակերպությունների բարձրացրած Հրազդանի և Գետառի սելավատարների և Երևանի սելավընդունիչների խնդիրները: Ներկայացնելով հարցն օրակարգ արտահերթ ընդգրկելու առաջնայնությունը` Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած մտահոգության ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքելու է և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մշակելու է դրանց լուծման մեխանիզմներ: Խնդիրը ներկայացրել է ԵՊՀ դասախոս Թրահել Վարդանյանը, ով, հիշատակելով համամոլորակային կլիմայական փոփոխություններով պայմանավորված երևույթները, մասնագիտական փաստարկներով մտահոգություն է հայտնել Երևանի սելավատարների և սելավընդունիչների համակարգի անբավարար հզորությունների և ենթակառուցվածքների վերաբերյալ: Բանախոսը նշել է, որ մեծ են ռիսկերը, որ սելավի դեպքում էական վնասներ կհասցվեն մայրաքաղաքին:

Նիստին  հրավիրված Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բյուջեով նախատեսված գումարներով յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին իրականացվում է հեղեղատարների մաքրման աշխատանքներ: Հասարակական խորհրդի անդամներն իրենց ելույթներում շեշտել են, որ խնդիրն ունի նաև քաղաքաշինական բաղադրիչ: «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը ներկաներին տեղեկացրել է ընկերության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, բայց նաև նկատել, որ Երևանի սելավատար համակարգը նախորդ դարի հիսունականների հնացած նախագծի վրա է կառուցված: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են նաև Հրազդան և Գետառ գետերի` կոյուղաջրերով և կենցաղային աղբով աղտոտվածության հիմնահարցը: Արծվիկ Մինասյանն առաջարկել է Հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգ կրկին ընդգրկել քննարկվող հարցը, հրավիրել մասնագետներ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և այլ լիազոր մարմիններից, մշակել և ներկայացնել  լուծումների մեխանիզմներ: Հասարակական խորհրդի նախագահը նաև տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջիկայում նախաձեռնելու է «Անաղբ Հայաստան» միջոցառումների ծրագիր, որ կընդգրկի նաև այն  գետավազանները, որտեղ առկա է ռեկրիացիոն միջավայր, այդ թվում նաև Հրազդանի կիրճը: Միջոցառումների շրջանակներում կդիտարկվեն նաև բարձրացված հիմնահարցերը: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության գործունեության 2017թ. ծրագրում ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ընդգրկված է ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակում, որը նույնպես նպատակաուղղված է վեր հանված խնդիրների լուծմանը:

 

«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական  կազմակերպության  նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների համակարգը և դրա կատարելագործման,  հասցեական օգտագործման հնարավորությունները: Բանախոսը շեշտել է, որ ներկայում գործող վճարների համակարգը ձեռնարկողներին չի ստիպում առաջնորդվել բնապահպանական առաջնահերթություններով և պետք է վերանայվի այն:

Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն հավելել է , որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և դրա լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ բյուջե մուտքագրված բնապահպանական, բնօգտագործման վճարներն ամբողջովին ուղղել բնապահպանական ծրագրերի իրականացմանը` համայնքների աջակցմանը, կանաչ աշխատատեղերի, տեխնոլոգիաների ներդրմանը: Այս գործընթացում ակնկալվում է նաև միջազգային դոնոր կառույցների կողմից ծրագրերի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում, ինչը լրացուցիչ միջոցների ներհոսք կապահովի Հանրապետության բնապահպանության ոլորտ: ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային  է համարել Անկախության հռչակագրում ամրագրված դրույթը, ըստ որի` Հանրապետության բնական պաշարները համաժողովրդական սեփականություն են, և նախարարությունը իր բյուջետային ծրագրերում առաջնորդվելու է վերոհիշյալ դրույթով: Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է բնավճարների այնպիսի համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը, կբացառի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու տարբերակը: Ըստ նախարարի, այդ նպատակով կմշակվի նաև տույժերի  վճարման այնպիսի համակարգ, որը կնախատեսի նաև վերահսկողական գործընթացում հասարակության ակտիվության խթանում` նյութական խրախուսման միջոցով:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը Հասարակական խորհրդի քննարկմանն է ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանության վերաբերյալ Համապատասխանության կոմիտեի V/9a որոշման կատարման առաջընթացի հարցը: Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Խաչատուր Խաչատրյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Համապատասխանության կոմիտեի բարձրացրած բոլոր հարցերով ձեռնարկվել են քայլեր, մշակվել են համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծեր:

Քննարկումների ավարտին, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացվող բազմաթիվ բնապահպանական խնդիրները և դրանց լուծման հրատապությունը, որոշվել է ավելի խաճախ հրավիրել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ