Աղետի նախանշան` Երեւանում շատացել են օձերն ու մլակները
Մասնագետներն անհանգստացած են` Երեւանում շատացել են օձերն ու մլակները: Թեմայի շուրջ մամուլի ասուլիս էին հրավիրել սողունաբան Արամ Աղասյանը եւ “Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը` նշելով, որստեղծված իրավիճակը բնապահպանական աղետի նախանշան է:
Սողունաբանի համոզմամբ, սխալ է կարծիքը, ըստ որի նկատվում է օձի թվաքանակի ավելացում: “Իրականում այդպես չէ: Խնդիրն այն է, որ մարդիկ սկսել են յուրացնել այն տարածքները, որտեղ ապրում են օձեր, մեծացել են այցելությունները Հրազդանի կիրճ, այլ վայրեր: Դրա հետեւանքով մեծացել է օձերին հանդիպելու հավանականությունը”, -նշեց Արամ Աղասյանը:
Ըստ մասնագետի` նույն իրավիճակն է նաեւ գյուղերում: Գյուղատնտեսական աշխատանքները կրում են ոչ մշտական բնույթ, որն էլ առիթ է տալիս կացարանի եւ կերի ապահովման դեպքում օձերի բնակությանը այդ հողատարածքներում: Արամ Աղայանը հայտնեց, որ 2-3 հեկտարի վրա մեկ գյուրզա տեսակի օձ կարելի է հանդիպել:
Սողունաբանը հայտնեց, որ օձ հանդիպելիս եթե այն գտնվում է մեկ-երկու մետր հեռավորության վրա, կարելի է հեռանալ կենդանուց, իսկ ավելի մոտ լինելու դեպքում պետք է անշարժ կանգնել, եւ սպասել, որ օձը հեռանա, քանի որ կենդանին հակված է ոչ թե հարձակման, այլ` ինքնապաշտպանության:
“Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի համոզմամբ էլ օձերի ակտիվությունը պայմանավորված է ընթացող քաղաքաշինությամբ: “Աննորմալ քաղաքաշինության պրոցեսը անհրաժեշտ է կանգնեցնել: Այն չի ճանաչում ոչ մի ծառ, ոչ մի թուփ”:
Սիլվա Ադամյանի համոզմամբ, քաղաքում մլակների թվաքանակի ավելացումը պայմանավորված է թռչունների պակասով: “Երեւան քաղաքը կորցնում է իր կանաչ տարածքները, որը բերում է թռչնատեսակների կորստի, եւ քանի որ թռչունները կերակրվում են մլակներով, դա հիմք է հանդիսանում մլակների թվաքանակի ավելացման համար”,-նկատեց նա: