Ամփոփվել են Ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները
Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը:
2016թ. ընթացքում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների, կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցառումների արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկույցներով հանդես են եկել Ռազմական ոստիկանության կայազորային բաժինների պետերը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ամփոփելով 2016 թ. ընթացքում ռազմական ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները՝ մատնանշել է դրական ձեռքբերումներն ու առկա թերությունների վերացման ուղիները: Ռազմական ոստիկանության պետը հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ: Առաջարկվել է նաև առկա ռեսուրսների վերադասավորման միջոցով իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Ելույթով հանդես է եկել ՀՀ զինդատախազ Արտավազդ Հարությունյանը, ով բարձր է գնահատել Ռազմական ոստիկանության և Զինդատախազության համագործակցությունը: Անդրադառնալով մահվան ելքով դեպքերին, Արտավազդ Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել համապատասխան կանխարգելիչ միջոցառումները:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն իր խոսքում ևս դրական է գնահատել 2016 թվականի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության 2016թ. կատարած աշխատանքները և ընդգծել, որ 2017թ.-ին ռազմական ոստիկանները պետք է լինեն առավել ուշադիր և զգոն, արդյունավետ օգտագործեն առկա ռեսուրսները, հետևողականորեն կատարելագործեն մասնագիտական գիտելիքները:
Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը խրախուսել են ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցների: