28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞րն է Գրիգոր Միրզոյանի երազանքը (տեսանյութ)

Պարզվում է՝ «Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը մանկուց երազել է զինվորական դառնալ, ապա մարզիկ․ նա զբաղվել է մարտեր առանց կանոնների մարզաձևով։ Փոքր ժամանակ նրա մտքով չէր էլ անցնում, որ երբ մեծանա, պետք է երգիչ դառնա։ Տարիներ անց, սակայն, Գրիգորի երգելու տաղանդը նկատում են ծնողները ու նրան երաժշտական դպրոց ուղարկում։ Հիշելով իր առաջին բեմական քայլերը՝ Գրիգորը պատմեց՝ 14 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ դուրս եկավ, ու հասկացավ՝ երգարվեստը կարևոր դերակատարում է ունենալու իր կյանքում։

Henaran.am-ը զրուցել է երգչի հետ․ վերջինս պատմել է իր նախասիրությունների, անելիքների, և, իհարկե, առաջիկայում կայանալիք տեսահոլովակի   պրեմիերայի մասին։

-Գրիգո՛ր, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մասնակցել «Ժողովրդական երգիչ» նախագծին․ ինչպես հայտնի է, հենց այդ նախագծում տարած հաղթանակը դարձավ Ձեր հաջողության բանալին։

-Մինչ այդ արդեն երեք նախագիծ եղել էր։ Միշտ ցանկանում էի մասնակցել այդ նախագծին։ Այդ ժամանակ սովորում էի Կոնսերվատորիայում՝ դասական վոկալ բաժնում։ Չգիտեմ․․․ երևի մտածում էի՝ ժամանակը չէ ու այդպես չէի մասնակցում։ Բայց «Ժողովրդական երգիչ 4» նախագծի ժամանակ արդեն բանակից վերադարձել էի ու ավարտել Կոնսերվատորիան։ Եվ այդպես, որոշեցի մասնակցել, մտածեցի՝ իսկական ժամանակն է, ու, փաստորեն հաջող ստացվեց:

-Կանխատեսո՞ւմ էիք, որ հաղթողը հենց Դուք էիք լինելու։

-Ո՛չ։ Դա հնարավոր չէ ի սկզբանե կանխատեսել, քանի որ մասնակիցների կազմում կային շատ լավ երգիչներ։ Սկզբում մտածում ես առաջին փուլը հաղթահարել, հետո՝ երկրորդը, հետո՝ տասնյակում հայտնվել․․․ Այդ ամենը որ լինում է, արդեն քիչ-քիչ սպասումները մեծանում են։

-Ինչպիսի՞ն է Գրիգոր Միրզոյանը բեմից դուրս։

-Ճիշտն ասած՝ քիչ է պատահում, որ բեմից դուրս լինեմ, քանի որ հիմնականում զբաղվում եմ երգարվեստով։ Իսկ ազատ ժամանակ ունենալու դեպքում սիրում եմ ֆուտբոլ դիտել, սպորտով զբաղվել։ Անդրադառնալով բնավորությանս՝ պետք է ասեմ՝ ես շատ հանգիստ մարդ եմ, բայց, միաժամանակ, շարժուն․ նայած ժամանակ։

-Ձեր երկրպագուհիներին հուզող հարցերից, հավանաբար, ամենակարևորը․ Ձեր սիրտն ազա՞տ է, թե՞ ոչ։

-Այո՛, իմ սիրտն ազատ է։ Ես ընկերուհի կամ սիրած էակ չունեմ։

-Կարդալ սիրո՞ւմ եք։ Ովքե՞ր են Ձեր սիրելի հեղինակները։

-Ցավոք, վերջին շրջանում կարդալու համար ժամանակ քիչ եմ ունենում, բայց ինձ հոգեհարազատ են հատկապես Թումանյանի գործերը։

-Հայ ժողովրդական երգարվեստում Ձեզ համար ո՞վ է բարձրակետ համարվում։

-Սիրում եմ լսել Ռուբեն Մաթևոսյանի երգերը։ Իսկ կոմպոզիտորների ստեղծագործություններից ինձ ավելի հոգեհարազատ են Վլադիլեն Բալյանի, Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։ Սիրում եմ կատարել հատկապես նրանց ստեղծագործությունները, և, իհարկե, մեր աշուղական երգերը՝ Ջիվանու, աշուղ Աշոտի երգերը․․․ առհասարակ, մեր բոլոր աշուղներին սիրում եմ։

-Ո՞վ է Ձեր հերոսը կյանքում։ Կա՞ ինչ-որ մեկը, ում կցանկանայիք նմանվել։

-Երգարվեստում ես ցանկանում եմ ինքս ինձ նման լինել, չնմանակել ոչ մեկին, բայց, իհարկե, մեծերից քաղել, սովորել այն, ինչն անհրաժեշտ է իսկական երգչին։ Իսկ կյանքում մարդկային որակներով  ես կցանկանայի նմանվել հայրիկիս։

-Երգարվեստում կա՞ն մասնագետներ, որոնց կարծիքը Ձեզ համար կարևոր նշանակություն ունի։

-Իհարկե, կան այդպիսի մարդիկ՝ Լեյլա Սարիբեկյանը, Մխիթար Քեթցյանը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), Կոնսերվատորիայում ինձ դասավանդած Աշխեն Թադևոսյանը, Էդվարդ Բեգլարյանը։

-Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր երգիչների կարիերայում լինում է մի ստեղծագործություն, որը նրա համար այցեքարտ է դառնում։ Ձեր պարագայում ո՞րն է այդ ստեղծագործությունը։

-Իմ, հանդիսատեսի ու բազմաթիվ մասնագետների կարծիքով այդ ստեղծագործությունը «Մայրս փոքրիկ» երգն է,  որի խոսքերի հեղինակը Հովհաննես  Շիրազն է, իսկ երաժշտությունը գրել է Վլադիլեն  Բալյանը։  Իմ այդ կատարումը դեռ նախագծի ընթացքում  հանդիսատեսը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց։

-Առաջիկայում պատրասվո՞ւմ եք մեկնել հյուրախաղերի ու հանդես գալ համերգաշարով։

-Այո՛, մարտի 15-ից մինչև մայիսի 21-ն ընկած հատվածում համերգներով հանդես եմ գալու մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Լեհաստանում, Չեխիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Շվեցարիայում, Բելգիայում։

-Մեզ հայտնի է, որ շուտով տեղի է ունենալու Ձեր տեսահոլովակի պրեմիերան։ Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։

-Այո՛, առաջիկա տասն օրվա ընթացքում կկայանա տեսահոլովակի պրեմիերան։ Երգի հեղինակը կանադահայ Գրիգոր Բանանցն է, ով հեղինակել է նաև իմ «Արցախ» երգը։ Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Մնացականյանն է։ Երբ լսեցի այդ երգը, անմիջապես հասկացա, որ այն ինձ հոգեհարազատ է։ Երգն ընկերոջ մասին է։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են հենց իմ ընկերները՝ Գրիշա Աղախանյանը, Եվա Եգանյանը, Նարե Գևորգյանը, Լենա Ղազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Նարեկ Պողոսյանը, Հրանտ Մուրադյանը․․․

-Մեր ավանդական հարցը․ եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք։

-Առանց կախարդական փայտիկի՝ ես կցանկանայի համերգներ ունենալ բոլոր այն երկրներում, որտեղ հայ կա։

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

 

https://www.youtube.com/watch?v=nVlZya2Chbo

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ