ԻՊ-ի կողմից մահապատժի ենթարկված թուրք զինվորները մեղադրել են Էրդողանին ու նրա կուսակցությանը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ողջակիզել են երկու թուրք զինվորների, ևս երկու զինվոր գնդակահարվել է: Այս դաժան մահապատժի տեսարանները հրապարակվել են սոցցանցերում ԻՊ-ին պատկանող էջերում: Տեսագրությունը բուռն զայրույթ է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում:
«Twitter»-ում հրապարակված տեսանյութերի մի մասը արդեն հեռացվել է:
Նշենք, որ մահապատժի ենթարկվածները թուրք զինվորներ Սերդար Թաշն ու Ֆեթհի Շահինն են, որոնք ԻՊ-ի կողմից առևանգվել էին 2015թ. սեպտեմբերին: Իսկ գնդակահարվածները Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ենթասպաներ Քըվանչ Քաշըքչըն ու Մուհամեդ Դուրան Քեսքինն են, ովքեր գերեվարվել էին նոյեմբերի 29-ին Էլ-Բաբի Էդ Դանա գյուղի մերձակայքում՝ «Եփրատի վահան» գործողության շրջանակներում:
Հրկիզելուց առաջ ԻՊ-ը ձայնագրել և հրապարակել է թուրք զինվորների ելույթը, որտեղ նրանք իրենց հետ կատարվածի համար մեղադրում են Էրդողանին ու նրա կուսակցությանը:
«Ես դիմում եմ թուրք զինվորներին: Որպեսզի չարժանանաք այն ստորացումներին, որոնց մենք ենք ենթարկվում, լքեք «Իսլամական պետության» տարածքները: Ով թուրք ժողովուրդ, մեզ պատուհասած այս ստորացուցիչ վիճակի պատճառը «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Թուրքիայի կառավարությունն է: Այս պահին մեր փոխարեն կարող էր լինել նաև ձեր զավակը: Մենք շատ երկար սպասեցինք, որպեսզի մեզ փրկեն, սակայն Թուրքիան իր զինվորներին ոչ մի կարևորություն չտվեց»:
Մյուս զինվորը սահմանափակվում է միայն հետևյալ հայտարարությամբ. «Հեյ Էրդողան, մեր՝ այս վիճակում հայտնվելու, շան օրը ընկնելու պատճառը դու ես»:
Տեսագրությունում զինվորների ելույթից հետո սպառնալիքներ են հնչեցնում ԻՊ-ի 2 զինյալներ, որոնց դեմքերը տեսագրությունում չեն երևում: Ահա նրանց ելույթներն ամբողջությամբ.
«Հեյ Թուրքիա, դուք այրեցիք մուսուլմաններին, Ինջիրլիքը բացեցիք Ամերիկայի առաջ, իսկ այդտեղից օդ բարձրացած ամերիկյան ինքնաթիռները խոցեցին «Իսլամական պետության» զինվորներին: Բոլորիդ վերջը այսպես է լինելու: Դուք մեր եղբայրներին այսպես այրեցիք: Անհավատներ»:
«Ալլահ Աքբար: Մենք մուսուլմանների վրեժն այսպես լուծեցինք: Եթե դուք ձեր զինվորներին չհեռացնեք, նրանց վերջը սա է լինելու: Արդեն պիտի վարժվեք այս տեսարաններին: Դուք ականատես կլինեք, թե ինչպես են նրանք այրվում ու կփակեք ձեր ականջները, որպեսզի նրանց ճիչերը չլսեք: Եթե չլքեք «Իսլամական պետության» տարածքները, այս հողերը ձեր գերեզմանը կդառնան: Դուք կափսոսեք, որ այս հողեր եք ներխուժել: Վաղվա օրն ավելի դաժան է լինելու: Սպասեք: Մենք էլ ենք սպասում»: