26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ անցկացնել

Թուրքիայի հայ համայնքը Պոլսի պատրիարքի ընտրությունների անցկացման համար հանդիպումներ է անցկանցում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ստամբուլի Ֆերիքոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու Նազար Շիրինօղլու անվան դահլիճում:

Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքի տեղեկացմամբ՝ «Düşünce Platformu»-ի («Տեսակետների հարթակ») կողմից կազմակերպված ժողովն անցկացվել է վերջին շրջանում պատրիարքի ընտրություններում ստեղծված իրավիճակը, հնարավոր խոչընդոտները քննարկելու և խնդրի լուծման հարցում մտքեր փոխանակելու  նպատակով:

Առաջին ժողովին մասնակցել են շուրջ 300 մարդ, այդ թվում նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) հայ պատգամավոր Սելինա Դողանը:

Մասնակիցներից փաստաբան Սեդրակ Դավութհանը ներկայացրել է պատրիարքական ընտրությունների իրավական գործընթացը, որը ըստ փաստաբանի, 8 տարի է՝ անտեսվում է:

Իսկ Բիլգի համալսարանի դասախոս, սոցիոլոգ,  Օհաննես Քըլըչդաղը խոսել է ընտրությունները չանցկացնելու պատճառների և ստեղծված իրավիճակի հետևանքների մասին: Նա հիշեցրել է, որ նախկինում համայնքը պատրիարք ընտրելու խնդիրներ ևս ունեցել է, ինչպես օրինակ պատրիարք Մեսրոպ Նարոյանի մահվանից հետո 1944-ից մինչև 1950 թվականը պատրաիարքական աթոռը թափուր է եղել: Սակայն, ինչպես նշել է Քըլըչօղլուն, անցյալում հայկական համայնքը չնայած բարդ խնդրիներին, երբեք այնքան պասիվ չի եղել, որքան այսօր է: Սոցիոլոգը այս ճգնաժամի ժամանակ հայ համայնքի ցուցաբերած կեցվածքը նմանեցրել է «մահացածի, որը սպասում է, թե երբ իրեն կթաղեն»:

Քննարկումների ժամանակ համայնքի անդամներից Գարո Գաբրելյանը քննադատել է պատրիարքարանին և հոգևորականներին՝ եկեղեցուն նվազ նվիրվածության համար:

Քննարկման մասնակիցներից Ուրազ Գասպարն էլ առաջարկել է, որ հայ պատգամավորները պատրիարքի ընտրության հարցը բարձրացնեն մեջլիսում: Այս դիտարկմանը ի պատասխան պատգամավոր Սելինա Դողանը ասել է, որ իրատեսական չէ, որ այդ հարցերը  մեջլիսում լուծում կստանան:

Հանդիպման ավարտին «Düşünce Platformu» անդամները համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ նշվում է, որ Հայոց Պատրիարքությունը, որը 555 տարվա ավանդույթ ունի, ներկայացնում է այդ հողերում ապրող մի ժողովրդի, որը 3000 և ավելի տարվա պատմություն ունի:

Նշվում է, որ 2008 թվականից հետո, երբ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով այլևս չկարողացավ շարունակել իր պարտականությունները, հայ համայնքը չի կարողանում նոր պատրիարք ընտրել: «Խախտվել է մեր դավանանքի ազատության իրավունքը, իսկ ընտրություններ անցկացնելու իրավունքն անհիմն պատճառաբանություններով խլվել է մեզանից»,-նշված է հայտարարության մեջ:

«Ժամանակի կորուստ այլևս չենք հանդուրժի»,-հայտարարել են մասնակիցները՝ պահանջելով եկեղեցու հին ավանդույթների համաձայն՝ ժողովրդի քվեարկությամբ ընտրություններ անցկացնել:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 27-ին Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում էր կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Պատրիարք Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում:

Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում,  որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ