Դիարբեքիրում ռազմական ինքնաթիռ է ընկել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանի Չարըքլը գյուղի մոտակայքում Թուրքիայի օդուժին պատկանող «F16» տիպի ռազմական ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռը ուսումնական թռիչք իրականացնելիս է եղել: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի՝ առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է ինքնաթիռը ընկել:
Միայն նշվում է, որ ինքնաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտ լինել:
Տեղի ունեցածի կապակցությամբ ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբը: Դրանում մասնավորապես նշվում է, որ ինքնաթիռը վայր է ընկել այն ժամանակ, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, դեպքի մանրամասները պարզելու համար:
Բացի դրանից թեմայի վերաբերյալ խոսել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը: Վերջինս ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու հավանական պատճառ է համարել տեխնիկական անսարքությունը: