15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, հետևողական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխա­նիզմի արդյունավետության բարձրացման և արդիականացման ուղղությամբ: Ավելացել է կուսակցության սկզբնական կազմակեր­պությունների քանակը, ընդարձակվել են ՀՀԿ կապերն արտաքին աշխարհում, աշխատանքներ են իրականացվում կուսակցականների քաղաքական ու գաղափարական մակարդակը  բարձրացնելու ուղղությամբ,  հիմնադրվել և իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական քաղաքական դպրոցը:

2016-2018 թվականները լինելու են խիստ կարևոր Հայաստանի Հանրապետության Սահմանա­դրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսան­կյու­նից: Հանրապետականը պատրաստ է հատուկ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավո­րինս կայուն, սահուն և անցնցում:

Մեր բոլորի ուշադրության կենտրոնում է Հայաստանի  տնտեսությունը, առկա բոլոր մարտահրավերներին արդյու­նավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգա­ցում ապահովելու գերակայությունը: Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները և չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց և ընտանիքների կյանքը։

Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տևական կայուն տնտեսական աճի համար։ Այս տեսանկյունից գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային։

Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանտու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր: Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազ­գային հա­րա­բե­րու­թյուն­ներում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարա­բե­րու­թյուն­ների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հա­յաստանի բարեկամների թվի ավելացումը։

Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ:

Այսօր Հայաստանի Զինված ուժերի ռազ­մա­տեխ­նիկական, տեխնո­լո­գիական և կադրային արդիականացման մի­ջո­ցով մենք ձևավորում ենք ժամա­նակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմա­գիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու:

Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեր համընդ­հանուր նպատակադրումը հստակ է՝ Հայաս­տանի երկա­րաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։

Հանրապետականը բաց է համագործակցության համար բոլոր շահա­գրգիռ և հայրենասեր ուժերի ու անհատների համար: Մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը քարի վրա դնել՝ մեր ընդհա­նուր տունը շենացնելու համար:

Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը և ինտելեկտուալ  կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն Հայն ու Հայաստանը:

Հայաստանը հաղթելու է:

 

քաղաք Երևան

26.11.2016

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ