Եվրախորհրդարանի որոշումից ավելի շատ ԵՄ-ն կտուժի, քան Թուրքիան․ Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններում բացասական ընթացքի պատճառով ավելի շատ կտուժի ոչ այնքան Թուրքիան, որքան ԵՄ-ն:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները ժամանակավորապես սառեցնելու մասին Եվրախորհրդարանում (ԵԽ) ընդունված բանաձևը մեկնաբանելիս:
Քուրթուլմուշը վստահ է, որ ծայրահեղ աջակողմյան քաղաքականությունը, հակաթուրքական և հակաիսլամական քաղաքականությունը մեծապես ազդել են Եվրախորհրդարանի վրա: Նա ընդգծել է, որ այս առումով անհրաժեշտ է, որ նախևառաջ եվրոպացի քաղաքական գործիչները հասկանան ընդունված բանաձևի էությունը: Քուրթուլուշը այդ բանաձևը Եվրոպայի քաղաքականության տեսանկյունից տագնապալի է որակել:
Խոսելով Թուրքիայի վրա ԵԽ-ի որոշման հնարավոր ազդեցության մասին՝ փոխվարչապետը նշել է. «Մենք չենք ուզում, որ հարաբերությունները բացասական ընթացք ստանան, սակայն ցանկանում եմ նշել, որ նման ընթացքից ավելի շատ կտուժի ԵՄ-ն, քան Թուրքիան»:
Հիշեցնենք, որ ԵԽ-ն նոյեմբերի 24-ին հաստատել էր Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձևը: Քվեարկության ժամանակ բանաձևին կողմ էր քվեարկել 479 պատգամավոր, դեմ՝ 37-ը ձեռնպահ՝ 107-ը:
Բանաձևը պահանջում է ժամանակավորապես սառեցնել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները՝ հաշվի առնելով հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակն ու հայտարարված արտակարգ դրության պայմանները: