Միայնակ գայլի եղբորը ՔԿՀ-ում խոշտանգել են. փաստաբանը ահազանգում է
«Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Նրան պահել են նկուղային հարկում գտնվող կոտրված ապակիով պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը:
Արա Ղարագյոզյանը փոխանցեց, որ Խանդոյանին 5 օրով տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախուց:
Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ : Նա «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խոնդոյանի (Միայնակ Գայլ ) եղբայրն է:
Փաստաբանի խոսքով՝ Արարատ Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք հավանաբար այդ պայմաններից կսրվեն:
«12 անգամ հրազենային վնասվածք ստացած, փայծաղը, լյարդը չկան, ունի մի շարք այլ առողջական խնդիրներ, այդ պատժախցում անգամ նորմալ ջերմաստիճան չի եղել: Մարդու իրավունքների պաշտպանի այցից հետո միայն Արարատ Խանդոյանին տեղափոխել են»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արարատ Խանդոյանի վիճակը այս պահին բավարար է: