05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել պատրիարք Կիրիլին

Մոսկվայում, նոյեմբերի 22-ի երեկոյան, Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա է գտնվել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տարբեր Քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու  պատվիրակություններ, այլ կրոնների ներկայացուցիչներ, Ռուս Եկեղեցու Սինոդի անդամներ եւ բարձրաստիճան եկեղեցականներ, դիվանագետներ, պետական կառույցների, հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, գիտության եւ մշակույթի գործիչներ։

Համերգի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորական ուղերձն է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից շնորհավորելով Նորին Սրբությանը ծննդյան 70-ամյա հոբելյանի նշանակալի առիթով՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է. «Մենք ճանաչում ենք Ձեզ որպես Քրիստոսի եւ Նրա Սուրբ Եկեղեցու հավատարիմ ու անձնվեր ծառայի: Քրիստոսի Սուրբ Եկեղեցուն սպասավորությանը Դուք կոչվեցիք խորհրդային տարիներին, երբ բազմազգ պետության ողջ տարածքում հալածվում էր հավատքը, տարատեսակ ճնշումների էին ենթարկվում Եկեղեցին ու հոգեւորականը: Աստվածմերժության դժվարին ժամանակներում Դուք աննվազ նախանձախնդրությամբ ծառայեցիք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառությանը: Բարի ներդրում բերեցիք հավատացելոց հոգեւոր կյանքի զորացմանը՝ երկարամյա պատասխանատու բարձր ծառայություն իրականացնելով կրթական եւ միջեկեղեցական ոլորտներում, մեծապես կարեւորելով եկեղեցականների նոր սերնդի պատրաստությունը, ինչպես նաեւ երկխոսության խթանումը Եկեղեցիների միջեւ:

Դուք շարունակեցիք եռանդուն գործունեությունը՝ ի խնդիր հավատավոր Ձեր հոտի հոգեւոր կյանքի զորացման ու առաջընթացի՝ կոչվելով Հայրապետական բարձր ծառայության: Ամենքս այսօր ականատեսն ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառության, եկեղեցական սպասավորության առավել արդյունազարդման: Ձեր Հայրապետության տարիներին եւս Դուք նշանակալի ավանդ բերեցիք միջեկեղեցական ասպարեզում՝ ջատագովը լինելով աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման, քրիստոնյաների իրավունքների պաշտպանության եւ միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների առավել արդյունավորման:

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, ուրախությամբ ենք հիշում Ձեր այցելությունը Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր հանդիպումները, փոխայցերը հատկանշվել են բարեկամությամբ ու բարյացակամությամբ, որոնցով պսակված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրությունն ու փոխհարաբերությունները: Գոհունակություն է հաստատել, որ Ձեր հայրապետության տարիներին առավել ամրապնդվել են մեր Եկեղեցիների եւ հավատակից մեր ժողովուրդների եղբայրական կապերն ու գործակցությունը, որի համար այսօր գոհաբանական աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը: Վստահ ենք, որ բարեկամության այդ նույն ոգին պիտի շարունակի թագավորել մեր Եկեղեցիների հարաբերություններում՝ փոխըմբռնումով, սիրով ու փոխադարձ հարգանքով նոր արդյունքներ արձանագրելու Քրիստոսապատվեր առաքելության մեջ, «Տիրոջն արժանի եւ ամեն ինչում նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող. 1.9-10)»:

Վեհափառ Հայրապետը նաեւ շնորհակալություն հայտնեց Կիրիլ Պատրիարքին՝ Ռուսաստանում Հայ Եկեղեցու թեմերի նկատմամբ դրսեւորվող հայրական վերաբերմունքի, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության  խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջնորդական առաքելությունը շարունակելու եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ու Հայոց Հովվապետի հետ միասին եռակողմ հանդիպումներ կազմակերպելու համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ եղբայրության, սիրո ոգին եւ գործակցության բարի արդյունքները շարունակեն զարդարել Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիների բարեկամությունը՝ քաջալերելով երկու ժողովուրդներին միասնաբար ապրելու եւ արարելու` որպես Աստծո որդիներ եւ որպես հավատակից  եղբայրներ:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին մաղթեց քաջառողջություն, արեւշատություն եւ անսպառ կորով ու քաջեռանդություն՝ հայցելով, որ Տերը հանապազ զորակից ու աջակից լինի  նրան՝ հովվապետության տարիները զարդարելով նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով` ի փառս Աստծո եւ ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ