Տարօրինակ կլիներ չքննարկել Գ. Ծառուկյանի վերադարձի հարցը. ԲՀԿ-ը նիստ է հրավիրում
Դեկտեմբերի 3-ին կայանալու է ԲՀԿ Քաղաքական Խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին Ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության խոսնակ Վահե Էնֆիաջյանը:
«Քննարկման հիմնական հարցերն առնչվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցական կազմակերպչական, ներքաղաքական և օրակարգային հարցերին:
Կազմվելու է աշխատանքային այցերի ժամանակացույց և դեկտեմբերի սկզբից կուսակցության ղեկավար մարմինները և քաղաքական խորհրդի ներկայացուցիչներն այցեր են ունենալու փոքր և խոշոր համայնքներ, որի ընթացքում հստակեցնելու ենք ժողովրդի կողմից մեծ վարկանիշ ունեցող այն անձանց ցանկը, որոնք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի կողմից ներառվելու են ռեյտինգային ցուցակում:
Հստակեցնեմ, որ մեր ընդլայնված նիստն այլ դահլիճում նշանակելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը հնարավորություն չի տալիս ընդունել տարածքային բոլոր կառույցների, կուսակցության հանձնաժողովների և ստորաբաժանումների բոլոր ներկայացուցիչներին:
Ինչ վերաբերում է հարցին ՝ արդյո՞ք քննարկվելու է Գագիկ Ծառուկյանի հավանական քաղաքականություն վերադառնալու հարցը, ապա, եթե անկեղծ լինենք, այդ թեման քննարկվում է երկրի բոլոր քաղաքական կառույցներում և ԲՀԿ-ի կողմից ամենաբարձր մակարդակով հարցին չանդրադառնալն առնվազն տարօրինակ եմ համարում»: