Խայտառակ մեղադրանքների հետքերով. Հայկական Ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեն դատախազությունից ստացել է ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա մամուլում արված հրապարակումները եւ այժմ ստուգում է դրանցում մատնանշված հանգամանքները: Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հավելելով, որ այդ գործի շրջանակներում Բադասյանը երեկ հրավիրվել է զինվորական քննչական գլխավոր վարչություն հարցաքննության:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերին այսպիսի գրառում էր արել. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:
Այնուհետեւ «Հժ»-ի հետ զրույցում Բադասյանը հայտարարել էր, որ դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ: «Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն եւ ապահովում մի քանի զորամասեր: Դա նորմալ երեւո՞ւյթ եք համարում: Ինքը գեներա՞լ է, թե՞ հացթուխ: Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մարտական գործողությունների կազմակերպմանը, դրանց դեմն առնելու հարցերին:
Ես դա ասում եմ որպես պրոֆեսիոնալ զինվորական: Դա ցույց տվեց ապրիլի 2-ը … »,- ասել էր Բադասյանը:
Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից սույն թվականի նոյեմբերի 16-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու համար: Վահան Բադասյանը երեկ շուրջ 5 ժամ հարցաքննվել է եւ կրկնել նախկինում արած իր հայտարարությունները:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: