Մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այսօր տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներից 3-ը պայքարի մեջ կմտնեն վաղը` 1/32-րդ փուլից: 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմրցի Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկի հետ, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը ուժերը կչափի հնդիկ Անշիշի հետ, իսկ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգը:
Նոյմեբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 ներկայացուցիչները. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա(Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը: