Ինչ էլ անես, դժգոհելու են, բայց կան սրբություններ. Ա. Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է, որ «1000 դրամի» նախագծի կյանքի կոչումը անհրաժեշտություն է։ «Բարոյական և նյութական մասնակցությամբ մարդիկ պիտի փաստեն, որ մենք ազգ-բանակ ենք։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, որովհետև եթե դու չես կերակրում քո բանակը, դու պարտավոր ես կերակրել ուրիշի բանակը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Վերջինս ընդգծեց, որ նախագծի ճիշտ ընկալման համար պետք է քննարկումներ ծավալել և հատկացումները համաչափ դարձնել։
«Մարդկանց եկամուտները պիտի համապատասխանեցվեն իրենց ներդրումներին, բայց, որ այդ ներդրումը պիտի լինի, թեկուզ 1 դրամ, 10 դրամ, 1000 դրամ, ես դրանում կասկած չունեմ, որովհետև դա պարտադիր է և անհրաժեշտ:
Դա ճիշտ գաղափար է, պարզապես առաջին անգամ է սկսում գործել, և քանի որ մարդիկ դժգոհ են, ինչ էլ անես, դժգոհելու են, բայց կան սրբություններ։ Մենք բանակը մեր աչքի լույսի պես պիտի պահենք»,-նշեց պատգամավորը։