«Սեյրա՛ն ջան, դու կուլտուրական, գեներալ մարդ, չգիտե՞ս». Մանուկյանը՝ Սարոյանին
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց, որ առարկությունն այն չէ, որ սա լավ գաղափար չէ. «Բոլորին էլ հասկանալի է, որ պետությունն ունի սուրբ պարտք զինվորին, սահմանը պահողին պահելու, մեր առարկությունն այն է, թե պետությունը սա պիտի անի, թե պետությունն այլ միջոցների պիտի դիմի»: Ըստ նրա՝ կամավորականությունը մարդուն բերում է հերոսացման, իսկ պարտադրանքը՝ հակառակ էֆեկտին:
Մանուկյանն ասաց, որ պետությունը շատ այլ միջոցներ ունի՝ վիրավորված զինվորների կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար. «Արդեն չգիտեմ՝ որերորդ անգամ այս ամբիոնից հայտարարում եմ, որ ամենատարբեր հաշվարկներով՝ ՀՀ-ից դուրս է բերվում 1.5 միլիարդ դոլար ապօրինի կանխիկ փող: Այս աղբյուրը բերեք բյուջե:
Ես երկրում գիտեմ 5 միլիարդատեր, այս դահլիճում կա մոտ 65 միլիոնատեր պաշտոնապես սոված երկրում»: Պատգամավորը նկատեց նաև, եթե ստվերը բերվի հարկային դաշտ, բյուջեն կստանա լրացուցիչ 1 միլիարդ դոլար: Ապա խոսքն ուղղելով գեներալ, ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանին՝ նա ասաց. «Ախր Սեյրա՛ն ջան, դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կռված մարդ, ես ու Լյովը, կարող է, ջհանդամ, չիմանանք՝ բանակում ինչ է կատարվում, դու չգիտե՞ս՝ ովքեր են բանակում գողացողները: Եթե գիտես, Աստվա՞ծ պիտի պատժի այդ գողացողներին, ո՞վ է ասել որ զինվորի հացը գողացողին պատիժ չի հասնում, բա ժողովրդավարություն ու արդար երկինք ենք կառուցում, թե ասե՞նք՝ սպասենք, Աստված կպատժի գողացող գեներալներին:
Հայ, հայ, այդպես երկիր չեն կառուցում, այդպես կարող է Տերտերն ասի, բախտ բացողն ասի, բայց երկիրը պիտի տեր կանգնի իր արդարությանը»:
ՀԱԿ պատգամավորն ասաց, որ Հայաստանն ունի 150 գեներալ, ինչը ՌԴ-ի հետ համեմատած 10 անգամ շատ է: «Ոստիկանության այս քանակը կրճատեք, եղբայր, գումար եմ ասում, 100 միլիոն դոլարի չափով մեր արտաբյուջետային միջոցներն են, կոռուպցիայի դաշտն է, ստվեր է ծայրից ծայր»: Նա շեշտեց, որ արտաբյուջետային միջոցներ են հատկացվում քաղաքապետարանին, ՊԵԿ-ին, Մաքսայինին. «Փակեք, երկրում հայտարարեք արտակարգ իրավիճակ, ի՞նչներիս է պետք այդ արտաբյուջեն:
Եղբայր, ես իմ 100 հազարն եմ տալիս, դու քո 1 միլիոնը պահում ես»:
Ըստ նրա՝ այս նախագիծը մուրացկանություն է. «1000-ից ավել «ախռանա» կա, ում համար եք ձեր ֆիզիկականն ու ձեր տունը պահում, եթե սահմանը խախուտ եղավ, ձեր «ախռանան» ձեզ պիտի փրկի՞, թե՞ Հաղթանակի այգու դիմաց գտնվող ձեր տան դարպասներն են պահելու, հա՞, դրանք բե՞րդ են, առանձին Բաստի՞լ են… գալու է, չէ՞, տանելու է բոլորիդ»,-ասաց նա, ապա հիշեց իշխանության այն խոսքերը, թե ամոթ է, որ այսքան քննադատում են այս նախագիծը, որ 1000 դրամ չեն ցանկանում տալ:
«Ամոթ նրան, ով սա սարքում է մատաղի փող, սա դարձնում է մուրացկանություն, սա պետությունը պիտի կարգավորի ու իր բյուջեով, քաղաքացու տված բյուջեով, մնացածը հումանիզմ է, կամավորություն է:
Սիրուն գաղափարները մի՛ փչացրեք»: