22 հոգի արժանացան ՀՀ նախագահի մրցանակի /վիդեո,ֆոտո լրացվում է/
Գիտական ու մշակութային մի շարք ոլորտներում ունեցած ներդրումների համար մայիսի 29-ին` 22 հոգի արժանացան ՀՀ նախագահի 2012թ. մրցանակին, որոնցից 4-ը երիտասարդական մրցանակներ էին:
Ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ր մրցանակների ու պարգեւների հանձնումը ՀՀ նախագահի ամենահաճելի պարտականություններից մեկն է: “Միամտություն կլիներ կարծել, թե բոլոր ստեղծագործողները միանշանակորեն համաձայնվում են հանձնաժողովի որոշման հետ, բայց այդպես էլ, երեւի թե, պետք է լիներ: Կոչ եմ անում բոլոր ստեղծագործողներին լինել համբերատար, հանդուրժողական, եւ ես համոզված եմ, որ լավագույն ստեղծագործությունները, եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի կարժանանան հանձնաժողովի գնահատանքին”,- ասաց նա եւ համոզմունք հայտնեց, որ դահլիճում հավաքված են լավագույններից լավագույնները:
Առանձնացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունեցողներին` Սերժ Սարգսյանն ասաց, որ մրցանակի է արժանանում հայագետ, ցեղասպանագետ, ազգությամբ գերմանացի Թեսա Հոֆմանը եւ Սփյուռքի կարեւորագույն հաստատություններից մեկը՝ “Զորյան ինստիտուտը”: “Ի դեմս տիկին Հոֆմանի, մենք ճանաչում են եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար: “Զորյան ինստիտուտի” աշխատանքում արտացոլվել է հայոց սփյուռքի բյուրեղացած ոգին”,- ասաց նա:
Վերջում ՀՀ նախագահը ասաց, որ մրցանակների միջոցով ոչ միայն երախտագիտություն է հայտնում, այլեւ հորդորում՝ անել ավելին:
ՀՀ նախագահի մրցանակների հովանավորն է “Պողոսյան” հիմնադրամը:
՛՛Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին՛՛ ՀՀ Նախագահի հրամանագրով 2012թ. մրցանակ է շնորհվել.
Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության եւ այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար եւ Զորյան ինստիտուտին` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության եւ երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2012 թվականի մրցանակ է շնորհվել.
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ` ՛՛Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման եւ կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ՛՛ գիտական հոդվածների շարքի համար, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Օլեգ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ` ՛՛Բազմաչափ ավտոմատ կառավարման համակարգերի տեսություն՛՛ մենագրությունների շարքի համար,
արվեստի բնագավառում՝ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (հետմահու)՝ ՛Սիրո պարտեզ՛՛ գեղանկարների շարքի համար եւ Հենրիխ ԷԼԻԲԵԿՅԱՆԻՆ` «Երկխոսություն կյանքի տեւողությամբ» դիմանկարների շարքի համար,
բժշկագիտության բնագավառում` Ռուբեն ՖԱՆԱՐՋՅԱՆԻՆ, Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ եւ Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ` ՛՛Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը եւ զարգացումը Հայաստանի Հանրապետությունում՛՛ աշխատանքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Աշոտ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, Նիկոլայ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ, Գագիկ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, Բագրատ ՄԱԻԼՅԱՆԻՆ եւ Լեւոն ՎԱՆՅԱՆԻՆ` ՛՛Բարձր էներգետիկ երեւույթները ամպրոպային մթնոլորտում՛՛ գիտական հոդվածների շարքի համար,
գրականության բնագավառում՝ Հենրիկ ԷԴՈՅԱՆԻՆ` ՛՛Կանգ առ, ես այստեղ եմ՛՛ բանաստեղծությունների ժողովածուի համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
Արվեստի բնագավառում` Գեւորգ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` ՛՛Անվերնագիր՛՛ գեղանկարների շարքի համար եւ Սաթենիկ ՇԱՏԻՐՅԱՆԻՆ` ըստ Ուիլյամ Գիբսոնի ՛՛Երկուսը Ճոճանակին՛՛ ներկայացման համար:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
Մանե ԳԱԼՈՅԱՆԻՆ, Հովհաննես ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, Արսեն ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ՝ ՛՛Երգեցողություն՛՛ անվանակարգում՝ բարձր կատարողական արվեստի համար,
Լեւոն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (դաշնամուր), Միքայել ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ (թավջութակ)՝ ՛՛Գործիքային կատարում՛՛ անվանակարգում՝ լավագույն կատարման համար: